գլխավոր Քաղաքականություն Պաշտպանության փոխնախարարի պաշտոնում ի՞նչ ուղղություն կվստահեն նախկին ոստիկանապետին

Պաշտպանության փոխնախարարի պաշտոնում ի՞նչ ուղղություն կվստահեն նախկին ոստիկանապետին

Բավական ժամանակ է, ինչ ՀՀ պաշտպանության նախարարը որևէ տեղակալ չուներ: Իսկ երեկ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախկին ոստիկանապետը՝ Արման Սարգսյանը, նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:

Հիշեցնենք, որ Արման Սարգսյանին ոստիկանապետի պաշտոնից ազատեցին 2020թ․ հունիսի 8-ին՝ այն բանից հետո, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի և հանրային միջոցառումների վրա դրված արգելքի պայմաններում իր առանձնատանը կազմակերպեց որդու հարսանիքը։

Իսկ պաշտպանական գերատեսչությունում մինչ այս փոխնախարարի 4 հաստիք կար թափուր, հիմա, փաստորեն, 3-ը, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալինը՝ Արտակ Զաքարյանի ազատումից հետո, Դավիթ Տոնոյանի հեռանալուց հետո սեփական դիմումով փոխնախարարի պաշտոնից ազատվեցին նաև Մակար Ղամբարյանը և Գաբրիել Բալայանը:

Մնում է պարզել, թե նախկին ոստիկանապետը պաշտպանության փոխնախարարի պաշտոնում ի՞նչ ուղղություն է համակարգելու: ՊՆ-ից մեզ ասացին, որ դա պարզ կդառնա, երբ նորանշանակ փոխնախարարը պաշտոնապես ներկայացվի: Գուցե հաշվի առնելով նրա ոստիկան լինելը՝ իրավական հատվածը վստահեն:

Մի բան հստակ է՝ սա կադրային սխալ նշանակում է, այսպես ասած, դասական իմաստով, և այն էլ՝ անվտանգային խնդիրների այսօրվա պայմաններում: Սա, թերևս, արդարացված է միայն փաշինյանական նպատակների տեսանկյունից, որը վտանգավոր է պաշտպանական գերատեսչության համար. Փաշինյանին հնազանդ ՊՆ Վաղարշակ Հարությունյան և առաջին տեղակալ Արման Սարգսյան: Կարող է, չէ՞:

Վերադառնալով Սարգսյանի ընտրությանը, նշենք, որ պատերազմի ելքով պայմանավորված՝ եղել են տարբեր մարդիկ, թեկնածուներ, որոնք չեն ցանկացել անցավ գլուխները ցավի տակ դնել, երբ այլ պարագայում առանց մտածելու կընդունեին առաջարկը:

Ավելի վաղ գրել էինք, որ պաշտպանության փոխնախարարի պաշտոնի համար քննարկվել են պատերազմի օրերին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինառայողների, այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանի, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի  նախկին ղեկավար Մարտին Կարապետյանի թեկնածությունները: Մեր տեղեկություններով՝ վերջնական փուլում մերժել են հենց Կարապետյանի թեկնածությունը:

Հ.Գ. Ի դեպ, սոցցանցերում խոսակցություններ էին պտտվում, որ պաշտպանության նորանշանակ փոխնախարար Արման Սարգսյանն ազգագրական երգեր լավ է կատարում: Պարզապես հիմա իրավիճակ է փոխվել, այդ երգերը համահունչ չեն այսօրվան, ժամանակին եղել են: