
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է օգտագործել վերջերս «գաղտնազերծված հետախուզական» տեղեկատվությունը` Իրանին հրապարակավ «Ալ Կաիդայի» հետ կապերի համար մեղադրելու նպատակով: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:
Ըստ լրատվական գործակալության՝ սա Պոմպեոյի «վերջին քայլն» է`ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից առաջ:
Բացի այդ, երկուշաբթի օրը Պոմպեոն ասել է, որ Պետդեպարտամենտը կտեղեկացնի Կոնգրեսին Եմենի հութիական «Անսարալլահ» շարժումը որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մտադրության մասին:
Պոմպեոն նշել է, որ այս քայլը նկատելի ազդեցություն կունենա Եմենի մարդասիրական իրավիճակի վրա՝ շեշտելով, որ ծրագրեր կան մարդասիրական գործունեության և Եմենին օգնություն մատակարարելու ուղղությամբ:
Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ 2015 թվականի մարտից Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական և իսլամական երկրների ռազմական դաշինքը, աջակցելով Եմենի կառավարությանը` վերահսկողություն հաստատելու մայրաքաղաք Սանաայի և Եմենի հյուսիսային և արևմտյան տարածքների վրա, որոնք 2014 թվականի վերջից գտնվում են իրանամետ «Անսարալլահ» շարժման վերահսկողության տակ: