գլխավոր Հասարակություն Ես վախենում եմ տգետի ազատությունից. Լևոն Գալստյան (տեսանյութ)

Ես վախենում եմ տգետի ազատությունից. Լևոն Գալստյան (տեսանյութ)

Առանց հենարանի ոչ մի մարմին չկա, քանդեցիր հենարանը՝ կփլվի շենքը, մեր հենարաններն այսօր խարխուլ են, մեր հենարանները, այն հոգևոր հիմքերը, բարոյական արժեքները, որոնց վրա դարեր շարունակ խարսխված է եղել մեր պատմությունը, այսօր գտնվում են մոլորյալ, թափառ վիճակում: Այս մասին մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հավաքին ասաց կինոդրամատուրգ Լևոն Գալստյանը:

Նրա խոսքով՝ մենք այսօր պարտավոր ենք ձևակերպել այն տեսլականը, այն գերակա գաղափարը, որը կարող է լինել գլխավոր հենասյունը, որը կտա մեզ հարատևման երաշխիք: «Իմ կարծիքով՝ դա անվտանգությունն է: Մեր ժողովրդին տարբեր ժամանակներում տարբեր գաղափարներ են միավորել, պատերազմը ծանր ապտակ հասցրեց մեզ, մենք առարկայական, թանձրացական ձևով շոշափեցինք վտանգի մարմինը, և այսուհետ այդ ամենից զերծ մնալու համար պետք է ձևակերպենք, թե այդ ինչ անվտանգության մասին է խոսքը»,- ասաց նա և հավելեց, որ անվտանգությունը պետք է լինի բոլորիս համախմբող մի կարևոր նպատակ, արժեք, որի շուրջ կանգնած են լինելու երկու կարևոր գաղափարներ՝ ազատություն և արդարություն»,-ասաց Լևոն Գալստյանը:

Նա ընդգծեց, որ ազատությունն ու արդարությունը՝ այդ հրաշալի վեհ գաղափարները խեղաթյուրվեցին: «Բոլորս ուզում ենք ապրել ազատ, բայց ես վախենում եմ տգետի ազատությունից, ստահակի ազատությունից, իր իսկ ավանդական արժեքները տրորող, մակերեսային, ծանծաղամիտ խոսքերից, կրքերը որպես արժեքներ ներկայացնող այդ ամենից, ձևը բովանդակության տեղ անցկացնողներից: Ես ուզում եմ, որ լինի ուժեղ, մտածող, քննադատող պահանջկոտ, գիտակից մարդկանց ազատություն: Եվ ամեն ինչ կընկնի տեղը, հանրությունը կլինի արդար»,-ասաց նա: