գլխավոր Իրադարձային Այս ռաունդն էլ Ադրբեջանը հաղթեց. Hraparak.am

Այս ռաունդն էլ Ադրբեջանը հաղթեց. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է. «Արդեն հրապարակվել է Մոսկվայում երեք նախագահների՝ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի կողմից կազմված եռակողմ հայտարարության տեքստը՝ բաղկացած 4 կետից։

Դրանք են․

1. Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման համար, որը վերաբերում է տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակմանը, ՌԴ նախագահ Վ․ Պուտինի առաջարկով ստեղծվում է եռակողմ աշխատանքային խումբ՝ նախագահությամբ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների։

2. Աշխատանքային խումբը հունվարի 30-ին կանցկացնի իր առաջին նիստը, որի արդյունքներով կձեւավորի այն հիմնական ուղղությունների ցանկը, որոնցով իրականացվելու են աշխատանքներ հայտարարության 9-րդ կետի իրականացման համար՝ առաջնահերթություն տալով երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտին, ինչպես նաեւ կսահմանի մյուս ուղղությունները՝ համաձայնեցմամբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի, որոնք այսուհետ կոչվելու են կողմեր։

3. Աշխատանքային խմբի համանախագահները հաստատում են փորձագիտական ենթախմբերի կազմը պետական գերատեսչական համապատասխան մարմինների աշխատակիցներից եւ կազմակերպություններից։ Անդրանիկ նիստից հետո մեկ ամսվա ընթացքում ենթախմբերը ներկայացնելու են նախագծերը, որոնք պետք է իրականացվեն, ինչպես նաեւ ռեսուրսների եւ միջոցառումների հիմնավորումները, որոնք անհրաժեշտ են այդ նախագծերի իրականացման համար։

4. Մինչեւ այս տարվա մարտի 1-ը աշխատանքային խումբը կողմերի բարձր վավերացմանն է ներկայացնում իրականացնելիք միջոցառումների գրաֆիկը, որոնք ենթադրում են տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնում եւ նոր օբյեկտների կահավորում, որոնք անհրաժեշտ են, որպեսզի իրականացվի անվտանգ բեռնափոխադրում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ինչպես նաեւ միջազգային բեռնափոխադրումները՝ Ադրբեջանի եւ Հայաստանի վրայով, ներկայացնելով այն տարածքները, որոնց վրայով իրականացվելու են բեռնափոխադրումները»։

Hraparak.am-ի տեղեկություններով, հայտարարության նախնական տեքստը կազմված է եղել 5 կետից, որտեղ գլխավորը եղել է գերիների եւ անհետ կորածների հարցը, սակայն հանդիպման ընթացքում Ալիեւին հաջողվել է այդ կետը հանել տալ եւ թողնել բացառապես Ադրբեջանի շահերից բխող կետերը։