գլխավոր Գլխավոր Տապալվեց կարևորագույն ներդրումային ծրագիրը

Տապալվեց կարևորագույն ներդրումային ծրագիրը

Վերջին երկու տարիներին ՀՀ էներգետիկ ոլորտի վիճակն էականորեն վատթարացել է և առաջացել են էական ռիսկեր էներգետիկ ոլորտի հուսալիության և անվտանգության համար։ Դրանց հիմնական պատճառը ՀՀ Կառավարության կողմից ոլորտի ղեկավարման տոտալ տապալումն է, որի արդյունքում բազմաթիվ ռազմավարական նշանակության ծրագրեր հետաձգվել կամ տապալվել են։ Մասնավորապես կցանկանայի անդրադառնալ հետևյալին՝

1 Նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքների ամբողջական ձախողում։

Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքներն ընթացքում են, որոնք, սակայն, նույնպես էականորեն ժամանակացույցից ետ են։ Եթե նայեք ՌԴ և ՀՀ միջև ստորագրված 270 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիրը, ապա կտեսնեք, որ այդ աշխատանքները պետք  է ավարտված լինեին 2020 թվականին, մինչդեռ դրանք 2022 թվականից շուտ դժվար թե ավարտվեն՝ հաշվի առնելով ներկայիս ընթացքը։ Այդ համաձայնագիրն անհասկանալի պատճառներով ՀՀ-ում համարվում է գաղտնի փաստաթուղթ, մինչդեռ ՌԴ կառավարության ինտերնետ կայքում տեղադրված է։ Դա պատճառներից մեկն էր, որ ՀՀ Կառավարությունը հրաժարվեց նաև ՌԴ տրամադրած վարկային միջոցների չիրացված մասից, քանի որ փուլային մարումը պետք է սկսվեր, իսկ աշխատանքները դեռ հեռու էին ավարտից։ Սա կատարյալ ձախողում է։ Ամեն դեպքում, նույնիսկ շահագործման ժամկետի երկարաձգումը ենթադրում է Մեծամորի ԱԷԿ գործող էներգաբլոկի աշխատանք մինչև 2030թ․։

Իսկ ի՞նչ նոր հզորություններով այն պետք է փոխարինվի։ Դատելով նվազագույն ծախսերով էներգետիկ հզորությունների զարգացման 2020-2036թթ․ ՀՀ կառավարության ծրագրից, նախատեսվում է այն փոխարինել մոտ 1400 ՄՎտ հզորությամբ արևային կայաններով։ Այդ տեխնոլոգիան, իհարկե, կարող է մասնակիորեն լուծել այդ հարցը՝ միևնույն ժամանակ ապահովելով էներգետիկ անկախություն։ Սակայն պետք է հաշվի առնել, որ արևային էներգիան հաստատուն հզորություն չէ և ստեղծում է հուսալի մատակարարման ռիսկեր և ենթադրում է նոր գազային տուրբինների կառուցում, ինչը մեծացնելու է մեր կախվածությունը ներմուծվող վառելիքից։ Պետք է կենտրոնանալ նոր ԱԷԿ-ի կառուցման վրա, որը կապահովի այլ օգուտներ նաև ռազմավարական պաշտպանվածության տեսանկյունից։ Ցանկացած նոր ԱԷԿ-ի կառուցումը տևում է առնվազն 8-10 տարի։ Դրանք պետք է գումարել առնվազն 3-4 տարվա նախապատրաստական աշխատանքներ։ Մենք արդեն ուշացել ենք։ Հասկանալի չէ՝ ինչո՞ւ է ՀՀ Կառավարությունը ցանկանում երկիրը վերածել առանց ատոմային էներգետիկայի բանանային հանրապետության։

2 Բարձրավոլտ ցանցի բազմաթիվ կարևորագույն ենթակայանների հիմնանորոգման տարիներով հետաձգում։

Ինչո՞ւ չեն ավարտվել Աշնակ, Չարենցավան-3, Վանաձոր-1, Զովունի և Արարատ-2 ենթակայանների հիմնանորոգումը։ Դրանց հիմնանորոգման ծրագրերը սկսվել էին դեռ 2015-2016 թթ․-ին, և համացանցում հասանելի փաստաթղթերից հստակ երևում է, որ դրանց համար ստացվել էին արտոնյալ վարկային միջոցներ Համաշխարհային բանկից (ՀԲ)։ Գրեթե բոլոր մրցույթներն ավարտվել էին դեռ 2015-2016 թթ․-ին՝ նախկին իշխանության ժամանակ, և հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին։ Ինչո՞ւ այդ աշխատանքները դեռ չեն ավարտվել պայմանագրերում սահմանված ժամկետների ընթացքում։ Մի՞թե բացակայում է այն գիտակցումը, որ այդ կարևորագույն էներգետիկ օբյեկտների հիմնանորոգման ձգձգումը կարող է բերել լրջագույն էներգետիկ ճգնաժամի, որը կարող է հանգեցնել բազմաթիվ շրջաններում համատարած հոսանքազրկումների։

3 Հայաստան-Իրան նոր 400 կիլովոլտ (կՎ) օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքների տապալում։

Այս օդային գիծը պետք է դեռ 2018 թ.-ին հանձնվեր շահագործման։ Այս գիծը  չափազանց կարևոր է ՀՀ և Իրանի միջև «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի լրիվ ծավալով իրացմանը։ Այդ պայմանագրի շրջանակում ՀՀ-ն ստանում է միջինում 3խմ գազ մեկ կվտժ էլեկտրաէներգիայի համար, ինչը բավականին շահեկան է ՀՀ-ի համար, քանի որ մատակարարվում է Երևանի ՋԷԿ-ի ժամանակակից և արդյունավետ կայանի արտադրած էլեկտրաէներգիան, որի 1 կվտժ համար ծախսվում է մոտ 2,5խմ գազ։ Նախատասվում էր, որ այդ պայմանագրի շրջանակում Իրանին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները պետք է հասցվեին 6,9 միլիարդ կվտժ-ի, և փոխարենը՝ ՀՀ-ն պետք է ստանար 2,3 միլիարդ խմ, մինչդեռ 2019-ին կազմել են մոտ 1,2 միլիարդ։ Ո՞վ է փոխհատուցելու այս չստացված եկամուտները։ Որպեսզի հասկանաք, թե որքանո՞վ է այս պայմանագիրը կարևոր և շահեկան, ասեմ, որ ՀՀ-ն ներկայումս սպառում է մոտ 2,2 միլիարդ խմ գազ, որը գոյանում է ՌԴ-ից ներմուծումից և մասնակիորեն Իրանից այս գործարքի շրջանակում։ Այս ծրագրի շրջանակում իրանական վարկի մարումը պետք է սկսվի 2021 թվականին, ինչն էական լրացուցիչ ճնշում է գործադրելու սակագնի բարձրացման վրա։ Խոսքը վերաբերում է այն բարձրացումներին, որոնք տեղի կունենան՝ ի հավելումն ՀԾԿՀ-ի կողմից հայտարարված բարձրացման մասին։

4  Վրաստանի հետ նոր 400 կՎ գծի և ենթակայանի կառուցման ամբողջական տապալում։

Այս ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Հանրապետության զարգացման բանկի կողմից (KfW): Գումարները հատկացվել էին դեռ  2017 թվականին, իսկ շինարարական աշխատանքները դեռևս սկսված չեն։ Նշենք, որ այս ծրագրի շրջանակում գերմանական վարկի մարումները շուտով սկսվելու են, և հավանաբար պետք է ներառվեն սպառողական սակագնի մեջ, մինչդեռ ծրագրից ՀՀ-ն դեռ ոչ մի օգուտ չի ստանում։ Այս ծրագիրը նաև կարևոր է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան մասնակիցների մեջ փոխշահավետ էլեկտրաէներգետիկ հոսքերի ապահովման տեսանկյունից։ Սա նշանակում է, որ Կառավարությունն ամբողջությամբ տապալել է ռազմավարական կարևորագույն ծրագիրը։

ՕԼԵԳ ՍԱՖՈՆՈՎ

Սկզբնաղբյուր՝ 168.am