գլխավոր Քաղաքականություն Քոչվորի նման մեզ քշեցին ներքև, հեռվից նայում ենք մեր պահած դիրքերին, աննկարագրելի...

Քոչվորի նման մեզ քշեցին ներքև, հեռվից նայում ենք մեր պահած դիրքերին, աննկարագրելի ցավ է. Կապանի դիրքերը հաձնվեցին

Կապանի ամենաուժեղ, ամենահարմար, ամենալավ, լավագույն ստրատեգիական դիրքերը քիչ առաջ տվեցինք հակառակորդին։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Քաջարանի քաղաքապետ Սամվել Փարամազյանը։

«Այն դիրքերը տվեցինք, որոնք 1992-94 թվականներին չունեինք, ու հակառակորդը հեշտությամբ թիրախավորում էր Կապան քաղաքը, գյուղերը։ Մենք պատերազմի ժամանակ էինք զբաղեցրել այդ դիրքերը, որպեսզի կարողանանք փակել թիրախի ճանապարհը։ Այսօրվա հանձնված դիրքերը 1300 մետր բարձրության վրա էին։ Այդ դիրքերից հակառակորդի ցանկացած շարժ կարողանում էինք տեսնել։ Մենք այս դիրքերը հեշտությամբ չենք վերցրել, կռվով ենք վերցրել, ընկերներիս արյուն է մնացել այդ հողում, բայց այսօր այսքան հեշտ տվեցինք։ Մեր թեւերը ջարդեցին։ Չեք պատկերացնի, իջանք ու հեռվից նայում ենք մեր պահած դիրքերին, աննկարագրելի ցավ է։ Քոչվոր ցեղի նման քշեցին-քշեցին իջեցրին ստեղ։ Մեկը չկար մեր կողքին, մենք էլ մի բան ասեինք»,- ասաց քաղաքապետը։

Նա հայտնեց, որ Կապանի օդանավակայանի մի հատված եռանկյունաձեւ անցնում է ադրբեջանական տարածքին։ Քաղաքապետը նշեց, որ այսօրվա թողած դիրքերը մոտավորապես 20 կիլոմետր շառավիղ ունեն. «Եկել են GPS-ով սահմանազատում են մոտ 30 մետրի խնդիր կար, որը ցույց էր տալիս ադրբեջանական սահման է, ասում է այդ բլինդաժները քանդեք ու 30 մետր հետ գնացեք։ Պատկերացնո՞ւմ եք այս իշխանության անճարությունը, որ չեն կարողացել անգամ 30 մետր հողի հարցը լուծել»։

Անդրադառնալով Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ տեղի ունեցած երեկվա հանդիպմանը՝ քաղաքապետը պատմեց. «Նա էլ ասաց՝ այո, այդ դիրքերը պետք է թողնեք։ Անգամ իրեն առաջարկեցինք՝ կարող ենք պահել, ի վիճակի ենք պահելու, սակայն ասաց՝ պիտի տանք։ Նախարարը հանդիպման ժամանակ ասաց՝ կարող եք մնալ այդ դիրքերում, բայց խորհուրդ չեմ տա»։

Փարամազյանի խոսքով՝ հիմա էլ արդեն անվտանգության լուրջ խնդիրն է առաջ եկել. «Ոչ ոք չի երաշխավորում, որ հետո անվտանգ կլինի։ Հիմա մեր կամավորականներն էլ, որոնց իջեցրել են, նոր բնագծի վրա են տեղակայվել»։

Սամվել Փարամազյանը պատմեց, որ սահմանազատման աշխատանքներին մասնակցում էին ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, ռուս սահմանապահներն ու ադրբեջանցի զինվորականները. «Կառավարությունից մի ներկայացուցիչ անգամ չկար։ Պատերազմի սկսելուց մինչեւ այսօր էլ չտեսանք իշխանությանը։ Մի աջակցություն չտեսանք ։ Ոնց որ այլ պետությունում լինենք, անտեր լինենք։ Ի վերջո Քաջարանի կամավորական ջոկատը, որի հրամանատարն էլ ես եմ եղել, Ջաբրայիլի թեժ կետերում է կռվել, ինքներս մեզ ենք աջակցել. մեկս մյուսի թիկունքն ենք պահում։ Այստեղ ի՞նչ իշխանություն, այլեւս իշխանություն չկա, սպառել են իրենց»։

Փարամազյանը շեշտեց՝ ինքը նույնպես պահանջում է Կառավարության հրաժարականը. «Այդ պահանջն անփոփոխ է։ Եթե այս սգի, այս անելանելի վիճակում պետությունը կողքիդ չլինի, ապա ո՞վ պիտի կանգնի։ Թող գան այն ուժերը, որոնք ի վիճակի են լուծել այդ խնդիրները»։