գլխավոր Իրադարձային Ստորագրված եռակողմ փաստաթուղթն ունի գաղտնի հավելված, և մենք կույր-կույր գնում ենք մի...

Ստորագրված եռակողմ փաստաթուղթն ունի գաղտնի հավելված, և մենք կույր-կույր գնում ենք մի տեղ ու չգիտենք՝ ինչ դավեր են նյութվել մեր թիկունքում. Աշոտ Մելքոնյան

Մտավորականների և «Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպմանը ԵՊՀ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հարց բարձրացրեց նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի գաղտնի հավելվածի մասին:

Նա նշեց, որ ինքն այդ հարցն է փորձում պարզել և չի ստացվում, ոչ ոք ոչինչ չի ասում: «Ինչու եմ ես այս հարցը պնդում, որովհետև անընդհատ ինչ-որ բաներ են օրակարգ մտնում, որոնք  մեզ համար անհասկանալի են և դրանց մասին իմանում ենք ադրբեջանցիներից, Ալիևից: Փաստաթուղթը նախատեսում էր ռուսերեն՝ կոմունիկացիաներ, մեզ մոտ այն թարգմանվեց հաղորդակցության ճանապարհ, հետո Ալիևը հայտարարեց, որ առնվազն երկու ճանապարհի մասին է խոսքը և երկաթգծի»,- ասաց Մելքոնյանը և նշեց, որ իր խնդրանքն է, որ Վազգեն Մանուկյանը ՌԴ դեսպանի կամ ՌԴ պաշտոնյաների հետ հանդիպելիս փորձի պարզել այս հանգամանքը, քանի որ, ըստ նրա, մենք կույր-կույր գնում ենք մի տեղ, որտեղ չգիտենք՝ ինչ դավեր են նյութվել մեր թիկունքում:

Նա պնդեց, որ իր կարծիքով՝ այդ փաստաթուղթն ունի գաղտնի, հավելյալ մաս:

Վազգեն Մանուկյանն էլ նշեց, որ դեսպանի հետ այդ մասին չի խոսել, բայց ՌԴ-ում հանդիպումների ժամանակ հարցրել է այդ մասին, բոլորը հավաստիացրել են, որ գաղտնի հավելված չկա: «Եթե իրենք ճիշտ են, դա նշանակում է ամեն բան կախված է նրանից, թե ով ինչպես կմեկնաբանի փաստաթուղթը, մերոնք լռում են, Ադրբեջանն էլ ինչպես ուզում է, այդպես էլ մեկնաբանում է»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը:

Աշոտ Մելքոնյանը նաև Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեց՝ ավելի բարդ է հիմա՞ ստանձնել վարչապետի պաշտոնը, թե երբ ստանձնել էր առաջին անգամ: Ի պատասխան՝ Մանուկյանը նշեց, որ հիմա շատ ավելի դժվար է ու դրա համար շատ բան կոտրվեց: «Այն ժամանակ ոգևորություն ու հավատ կար ժողովրդին մի բանի հասցնելու, հիմա այս պատերազմն այդ հոգեբանությունն ինչ-որ ձևով ջարդել է, և առանց այդ հոգեբանության վերականգնման հնարավոր չէ առաջ գնալ, առանց առաջ գնալու հնարավոր չէ հոգեբանությունը բարձրացնել, այնպես որ, շատ ավելի դժվար է»,- ասաց նա:

Tert.am