գլխավոր Գլխավոր «Սա ճակատագրական սխալ էր և կարծում եմ՝ պատերազմում մեր պարտության հիմնական պատճառներից...

«Սա ճակատագրական սխալ էր և կարծում եմ՝ պատերազմում մեր պարտության հիմնական պատճառներից մեկը»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կասկածում, որ հնարավոր էր հաղթել պատերազմում կամ գոնե հնարավոր էր հայկական կողմի համար ավելի նպաստավոր փաստաթուղթ ստորագրել։

«Ստիպված պետք է պատասխանը կոնկրետացնեմ, քանի որ առանց կոնկրետացման ուղղակի հնարավոր չէ բացատրել, թե ինչու։ Առաջին՝ ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ էր, թե ինչ բնույթի պատերազմ ենք ունենալու ապագայում։ Ինչո՞ւ մենք ընդհանրապես պատրաստ չէինք նման պատերազմի։ Հայտարարում էին, թե օդը լիարժեք փակված է, պարզվեց, որ օդը լիարժեք բաց է՝ ադրբեջանական օդուժի, ԱԹՍ-ների համար»,-5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց երկրորդ նախագահը։

Նա խոսեց այս պատերազմում կատարված սխալների մասին․ «Մենք այս 2,5 տարվա ընթացքում լիարժեք չենք փորձել իսկապես փակել օդը։ Դա հնարավոր էր։ Օրինակ՝ 120 մլն դոլար պարգևավճարի փոխարեն՝ այնպիսի համակարգեր գնել, որոնք էֆեկտիվ են ԱԹՍ-ների դեմ, օրինակ՝ «ՏՈՐ» համակարգերը։ Ակնհայտ էր, որ գնվեց «ՍՈւ 30»-ներ, որոնք ընդհանրապես չեն օգտագործվել, մեկ մարտական թռիչք չի եղել, չեն գնել հրթիռներ։ Հրթիռները հետը չեն եղել և չէին կարող լինել։ Պարզվում է, ինչպես ասաց նաև Մովսես Հակոբյանը, կա կառավարության որոշում, որ այդ տիպի հրթիռները չեն կարող ծախել երկրից դուրս։ Եթե չլինեին այն մետաղի ջարդոն «ՕՍԱ ԱԿ»-ները՝ 30, թե 40 տարվա, որոնք ուղղակի չաշխատեցին։ Այդ գումաները կային, կար պայմանավորվածություն ՌԴ-ի հետ՝ «ՏՈՐ» համակարգերի համար, բայց մեկ մարդու որոշումով այդ ամենը փոխվեց։ Պարգևավճարները վարչապետի որոշումով բաժանեցին, «ՍՈւ-30»-ները գնեցին վարչապետի որոշումով, մինչդեռ այդ գումարը նախատեսված էր «ՏՈՐ» համակարգի համար, և ակնհայտ է, որ այդ կոռուպցիոն գործարքը՝ «ՕՍԱ ԱԿ»-ները նույնպես վարչապետի գիտությամբ էր կայացվել»։

Հետևաբար, ըստ նախագահի՝ ճիշտ որոշման արդյունքում հայկական կողմը ի վիճակի էր լիարժեք փակել օդը․ «Երկրորդ, և ամենից կոպիտ սխալներից մեկը, դա այն փաստն է, որ երրորդ օրը դադարեցրել են համալրումը կանոնավոր բանակին, անցում կատարելով ջոկատային համակարգին՝ խայտառակություն էր։ Ես այդ ժամանակ Ղարաբաղում եմ եղել և տեսնում էի, որ ինչ-որ բան այն չէ, բայց ես միայն վերջերս իմացա, որ հատուկ վարչապետի որոշում կար դրա համար։ Դա փաստ է, ես այդ փաստը տեսնում էի։ Մենք 1992-94թթ․ պատերազմը կրել ենք հիմնականում այն պատճառով, որ մեկ տարի ավելի շուտ ջոկատներից անցում ենք կատարել կանոնավոր բանակի: 27 տարի անց ինչպիսի՞ մտածելակերպ պետք է ունենա գերագույն գլխավոր հրամանատարը, որ այդ ամենը շուռ տա և գնա հակառակ ուղղությամբ՝ կանոնավոր բանակից դեպի ջոկատներ։ Մարդ ինչքա՞ն հեռու պետք է լինի բանակից, ընդհանրապես անվտանգության հարցերից, որ այդպիսի հիմարություն թույլ տա իրեն՝ նման ճակատագրական պահին։ Ջոկատներն իրենց տեղը պետք է ունենան, և կային ջոկատներ, որոնք իսկապես շատ լավ են կռվել, բայց ջոկատը պետք է համալրի ինչ-որ բան, այլ ոչ թե փոխարինի կանոնավոր բանակին։ Սա ճակատագրական սխալ էր և կարծում եմ՝ պատերազմում մեր պարտության հիմնական պատճառներից մեկը։

Հաջորդը․ ըստ էության, մեր ճակատը հյուսիսում և հարավում չդիմացավ, իրենք մխրճվեցին ուղղակի մեր առաջնագծով և ուղղակի հյուսիսում հաջողվեց կանգնեցնել և նոր բնագիծ կառուցել՝ Մատաղիսի շրջակայքներով, Թարթառ գետի աջափնյա բարձրունքների վրա և հյուսիս՝ դեպի Եղնիկների դիրքերը։ Ով գիտի Ղարաբաղը կամ պատկերացնում է քարտեզը, կարող է նաև պատկերացնել՝ ինչի մասին եմ ես խոսում։ Հարավում ընդամենը 14 կմ-ի վրա մենք չդիմացանք հենց առաջին օրը հետ քաշվեցինք, երկրորդ օրը․․․ և այդ 14 կմ-ով ադրբեջանցիք զարգացրին իրենց գրոհը, ճյուղավորվեցին դեպի Ջեբրայիլ, հյուսիս, հետո Հադրութ և այլն և ուղիղ դեպի Խուդաֆերին, Կուբաթլու, Զանգելան, և ամբողջ այդ ընթացքում մենք չկարողացանք նոր բնագիծ ձևավորել։ Հիմա պատճառը՝ ինչո՞ւ․ որովհետև փորձել են մի ռազմական օպերացիա իրականացնել, որը շատ կասկածելի էր այն ժամանակ մի շարք զինվորականների համար։ Դա նույն այն օպերացիան էր, որի մասին վարչապետը հրճվանքով պատմում էր РБК-ի իր հարցազրույցի ժամանակ՝ հոկտեմբերի 7-ին՝ հեսա կորպուրսը շրջապատեցինք, ջախջախեցինք և սա կփոխի ամբողջությամբ․․.»։

Դիտարկմանը՝ այդ թվում գործողության ընթացքում, երկրորդ նախագահն այսպես արձագանքեց․ «Դա ոչ միայն համաձայնեցված էր, վարչապետի ուղղակի հրահանգով էր այդ օպերացիան կատարվում, որը եղել է այս ամբողջ պատերազմի ժամանակ ամենից մեծ ձախողումը հայկական ուժերի: Այդ օպերացիայի արդյունքում ջախջախվեց հարավում գործող բանակային կորպուսը և Ստեփանակերտի գունդը, ուղղակի ջախջախվեց: Եվ դրանից հետո բավարար մարտունակ ստորաբաժանումներ մենք չունեցանք նոր բնագիծ կառուցելու համար, մինչդեռ մարդիկ ասում էին, որ պետք է հյուսիսի պես այդ ուժերով նոր բնագիծ կառուցել և պահել, պաշտպանվել։ Ընդամենը պետք էր պաշտպանվել տասը օր այդ ճնշումը կանգնեցնելու համար, բայց ընտրեցինք մի ճանապարհ, որը բերեց այդ ուղղությամբ զինված ուժերի ուղղակի ողնաշարի ջարդման: Գիտե՞ք ինչ էր, այդ Լելե-Թեփե սարը իբրև թե մեկը տվեց, մենք հետ վերցրինք, ֆեյսբուքյան լայքերը գերակայեցին առողջ տրամաբանությունը և տվյալ օպերացիայի պարագայում մի քանի տասնյակ մարդկային կյանքեր և մի քանի տասնյակ խփված և այնտեղ թողնված զրահատեխնիկա: Շատ ծանր հետևանքներ ունեցավ ամբողջ պատերազմի համար: Կան ևս մի շարք այլ հանգամանքներ, որոնց մասին ևս կարելի է խոսել։ Չգիտեմ՝ այդքանն էլ երևի հերիք է ասել, որ այո, մենք ի վիճակի ենք եղել կրել այս պատերազմը»։

Հարցին՝ պարտության մեղավորը, Ձեր խոսքից ստացվում է, Նիկոլ Փաշինյա՞նն է, կա պարտության մեղավոր և այդ մեկ մարդը հայտնի է՝ ով է, նա այսպես պատասխանեց․

«Գիտե՞ք, այդ բոլոր սխալ որոշումները կայացվում էին մեկ մարդու կողմից: Այդ գնումները․ օրինակ, զինվորականներն ասում էին՝ մեզ պետք չեն այդ ՍՈՒ-երը, ասում էր՝ չէ, սա՛ ենք ուզում: Ենթադրում եմ, որ պարադի ժամանակ այդ «ՏՈՐ» համակարգը այդքան տպավորիչ չէ, ինքնաթիռները, այսպես եռագույն ծուխ հանող սարքերով երևի ավելի տպավորիչ են, քաղաքացու օրը միգուցե նշելու համար»։

Լրագրողի դիտարկմանը՝ ոնց որ բանակի համար սնունդը և ելակը, ավելի տեսանելի են, Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագաքնեց․

«Ի՞նչ ասեմ հիմա: Սա է: Գիտեք, եղավ նաև մեկ հանգամանք, մինչև հիմա ասում են՝ այդ ելակը շատ լավ էր․ երկու տարի ծառայել եմ սովետական բանակում, ելակի երես չեմ տեսել, բանակը ուր, ելակը ուր: Ի դեպ, մյուս հատվածում, ամբողջ ֆրոնտի հատվածում, հաջողվել էր պահել որտեղ կար կանոնավոր բանակ, որտեղ դիմացել են այդ ճնշման, հարձակման առաջին մի քանի օրվա ընթացքում և այդ բնագիծը պահպանվել է գրեթե ամբողջ պատերազմի ժամանակ, վերջում սկսվեց ուղղակի քայքայվել, որովհետև իրենք սկսել են Ջեբրայիլով հարավից հյուսիս բնագիծը ջարդել՝ կողքից հարվածներով: Այո, մենք ի վիճակի ենք եղել այս պատերազմում չպարտվել: Չպարտվելը այս պատերազմում ես կհամարեի բնագիծը պահելը կամ գոնե նվազագույն տարածքային կորուստներով պատերազմն ավարտելը»։