գլխավոր Գլխավոր Պատասխան եք տալու ձեր երեխաներով. մանկապարտեզի տնօրենը սպառնում է ծնողներին

Պատասխան եք տալու ձեր երեխաներով. մանկապարտեզի տնօրենը սպառնում է ծնողներին

Այսօր արդեն տեղեկացրել էինք, որ «Մեր բակը» մանկապարտեզում մանկահասակ երեխաներին ծեծի են ենթարկում: Հրապարակել էինք նաև ձայնագրությունը: Տեղեկությունը շատ արագ տարածվեց ու նոր մանրամասներ են ի հայտ եկել:

Onnet.am-ի ձեռքի տակ են հայտնվել ձայնագրություններ, որտեղ նախ տնօրենը ծեծի ենթարկված երեխայի ծնողին փորձում է կաշառել, ասելով, որ ձայնագրությունը ջնջելու դիմաց կարող է գումար տալ: Այնուհետև Viber մեսինջերի ընդհանուր խմբում սպառնում է բոլոր ծնողներին, որ կպատժի այս ամենի հեղինակներին:

Այսինքն, սկզբում տնօրենը ընդունում է, որ ձայնագրությունը իրենցն է, ու խնդրում է ջնջել, այնուհետև լրատվականների հետ զրույցում հերքում է կամ կասկածի տակ է դնում ձայնագրության իսկությունը:

Մեզ հետ զրույցում մանկապարտեզի մասնաճյուղի տնօրեն Լուսինե Հայրապետյանը կտրականապես հերքեց, որ այդ ձայնագրությունն ինչ-որ կապ ունի իր մանկապարտեզի հետ:

Auroranews-ին հայտնել են, որ դայակը երեխային փորձել է վախեցնելով քնեցնել, ինչը ծնողի կողմից դիտարկվել է որպես բռնություն։ Հայրապետյանը հայտնեց, որ երեխայի ծնողը հարմարեցրել է ձայնագրիչ սարք տեղադրել  երեխայի իրերում և ձայնագրել օրվա ընթացքում մանկապարտեզում տեղի ունեցողը։ Սակայն տնօրենը նշեց, որ  այս ամենը դեռ պարզել է պետք։ 

«Մենք ինքներս ենք դիմել իրավապահ մարմիններին՝  իրական եղելությունը պարզելու համար, որովհետև սրանք վերջնական տվյալներ չեն և  եթե, միջադեպը իրոք տեղի է ունեցել, ապա դայակը պետք  է ենթարկվի պատասխանատվության»,-նշեց Հայրապետյանը։ 

Armenpress-ի հետ զրույցում էլ տնօրենն ասել է. «Հարցեր կան, որոնք դեռ չենք պարզել: Պետք է հասկանանք, թե ինչ ձայնագրություններ են: Ծնողներից մեկը հրապարակել է այդ ձայնագրությունը, սակայն մենք արդեն դիմել ենք բոլոր օրինական հարթակներ: Օրենքի սահմաններում կպարզվի՝ արդյոք այդ ձայնագրությունն արվել է մեր մանկապարտեզում, ըստ այդմ մենք հանդես կգանք մեկնաբանությամբ»:

Auroranews-ը պարզել է նաև, որ ԿԳՄՍ նախարարության կողմից նման անունով ընկերության նախադպրոցական կրթություն իրականացնելու լիցենզիա չի տրվել: Ավելին լիցենզավորված ոչ պետական նախադպրոցական կրթական հաստատությունների ցանկը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքէջում: Ցանկը բաց հրապարակված է, այստեղ մեր ուսումնասիրության արդյուքնում նույնպես նման անունով կրթական հաստատություն չկա:

Ծնողներից ոմանք էլ Onnet.am-ին տեղեկացրին, որ իրենց հետ անգամ պահամանգիր չեն կնքել:

Ձայանգրությունները հրապարակում ենք ծնողի թույլտվությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: