գլխավոր Քաղաքականություն ԱԳ նախարարը նեղսրտեց լրագրողի հարցից

ԱԳ նախարարը նեղսրտեց լրագրողի հարցից

Այսօր արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, փոխարենը՝ կարդաց իր գրած հայտարարությունը։ Դրանից հետո շտապեց հեռանալ գործընկերների հետ։

Լրագրողների համառ փորձերն ու ԱԳ նախարարի «հետապնդումն» արդյունք չունեցան։ Նախարարը փակեց աշխատասենյակի դուռը՝ լրագրողների տարբեր թեմաներով հարցերն անպատասխան թողնելով։ Միայն խոստացավ, որ բոլոր հարցերի պատասխանները կստանան իրենց աշխատանքի արդյունքում։

Որոշ ժամանակ անց ԱԳ նախարարը գործընկերների հետ դուրս եկավ աշխատասենյակից և քայլերն ուղղեց դեպի վերելակ։ Լրագրողներից շատերը, սակայն, չէին շտապել հեռանալ և շարունակեցին «հետապնդում-հարցախույզը»։ Լրագրողները համառորեն հարցեր էին տալիս, իսկ նախարար Այվազյանն էլ համառորեն լռում էր։ Նրա լռությունը խախտեց միայն լրագրողի հարցն այն մասին, թե Ալիևը հայտարարում է Բերձորը Բաքվի վերահսկողությանը հանձնելու մասին, թեպետ եռակողմ հայտարարության մեջ նման կետ չկա։

«Իսկ դուք ինչու՞ ուշադիր չեք կարդում մեր հայտարարություններն ու հղում չեք անում մեր հայտարարություններին»,- նշեց նախարարը։ Ավելին չասաց. ու վերելակի դռները փակվեցին։