գլխավոր Գլխավոր Նիկոլ Փաշինյանը սովոր չէ խաղաղ ճանապարհով հեռանալուն․ Արփինե Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը սովոր չէ խաղաղ ճանապարհով հեռանալուն․ Արփինե Հովհաննիսյան

Hraparak.am-ը գրում է

Երեկ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշեց անցումային կառավարության վարչապետի թեկնածու առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին։ Նա կպաշտոնավարի 1 տարի, կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց անձամբ չի մասնակցի, այլ հավասար պայմաններ կապահովի քաղաքական բոլոր ուժերի համար: Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը եւս մասնակցել է Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստին։

– Կարո՞ղ է Վազգեն Մանուկյանը կոնսոլիդացնել քաղաքական դաշտը եւ լիցքաթափել առկա լարվածությունը։

– Ես կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով գործիչ է, որը նախ պատկերացնում է պետական համակարգը, քաղաքական դաշտը, եւ անձամբ ինձ համար շատ կարեւոր մի գործոն կա, որին ես ականատես եղել եմ իր՝ Հանրային խորհրդի նախագահ եղած ժամանակահատվածում․ նա փորձում է իսկապես կոնսոլիդացնել՝ ում հնարավոր է եւ ում հնարավոր չէ։ Ես կարծում եմ, որ նա կարող է այս վիճակը գոնե հանդարտեցնել եւ փորձել լուծել այն օրհասական խնդիրները, որոնք ծառացած են։ Ես չգիտեմ՝ ինչու է Փաշինյան Նիկոլի դեպքում, առհասարակ, ծագում այդ հարցը՝ եթե ոչ նա, ապա ո՞վ, որովհետեւ, ինչպես արդեն ասացի, պետք է լինի փորձառու գործիչ, որը պատկերացնում է, թե պետական կառավարման համակարգն ինչ է։ Այսօր մենք ոչ թե Նիկոլի մասին պիտի խոսենք, այլ Նիկոլից ու նիկոլիզմի ազդեցության տակ գտնվող մարդկանցից ազատվելու, որովհետեւ ինձ համար Նիկոլ, թե Ավինյան Տիգրան, թե Սիմոնյան Ալեն, թե Լենա Նազարյան, թե Լիլիթ Մակունց, թե էնտեղ էլի լիքը մարդիկ, ինձ համար տարբերություն չկա, որովհետեւ էդ մարդիկ նույն սանրի կտավն են, նույն գաղափարախոսության կրողը։ Եթե մի փոքր ցինիկ պատասխան հնչեցնեի, ապա Նիկոլ Փաշինյանի սելֆիի ձողիկը նրանից ավելի լավ վարչապետ կլինի այսօր՝ մի պարզ պատճառով․ նա գոնե լռում է, քաղաքացիական պատերազմ չի հրահրում։

– Ո՞րն է լինելու սահմանադրական ճանապարհով վարչապետի հրաժարականին հասնելու ուղին։

– Կա՛մ պետք է անվստահություն հայտնեն՝ ռազմական դրությունը վերացնելով․ տարբերակ առաջին։ Եվ տարբերակ երկրորդ․ եթե ինքը հրաժարական տա, եւ ընտրվի նոր վարչապետ։

– Ժամանակավոր կառավարությունը որքանո՞վ է տեղավորվելու Սահմանադրության շրջանակներում, նման կարգավորում կա՞։

– Անունը ժամանակավոր կառավարություն չի լինելու, լինելու է կառավարություն, որն ի սկզբանե հայտարարելու է, որ իր առաջնահերթ խնդիրն արտահերթ ընտրությունների կազմակերպումն է։

– Ինչպե՞ս է ձեւավորվելու։

– Ձեւավորվելու է նույն ընթացակարգով, ինչ որ բոլոր կառավարությունները։

– Խորհրդարանի կողմի՞ց։ Այսինքն՝ Վազգեն Մանուկյանն ԱԺ որեւէ խմբակցության կողմից առաջադրվելու է վարչապետի թեկնածու, պետք է քվեարկեն, ընտրվի եւ դառնալով վարչապետ՝ ձեւավորի իր թի՞մը։

– Այո, դա սահմանադրական ճանապարհն է։

– Դրանից հետո այս խորհրդարանը գործելո՞ւ է, թե՞ պետք է ԱԺ լուծարման գործընթաց սկսվի։

– Կարծում եմ՝ այն պահին, երբ որ, դիցուք, Վազգեն Մանուկյանն ընտրվի վարչապետ, խորհրդարանը չի լուծարվի, կշարունակի գործել մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում։

– Հնարավոր կլինի՞ աշխատել մի խորհրդարանի հետ, որտեղ մեծամասնություն են Նիկոլ Փաշինյանի թիմակիցները։ Կարող են սաբոտաժ անել, տապալել կառավարության նախագծերը։

– Շատ բան կարող են անել, մինչեւ այս պահն անում են եւ հատկապես անում են այն, որ ոչ ոք չի կարող անել։ Իմ եւ ինձ նման բազմաթիվ մարդկանց խոսելն ավելի քիչ նշանակություն եւ արժեք ունեն, քան երբ որ իրենք գնում, եթերներով սկսում են իրենց խայտառակ ճառերը։ Իրենք, էսպես ասեմ, շատ բաներ են անում իրենց անգրագիտությունը ցուցաբերելու տեսանկյունից։ Բայց, իմ խորին համոզմամբ, այն դեպքում, երբ որ կառավարությունը կանի իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր՝ ուղղված գերիների վերադարձին, դիակների փոխանակմանը, անտուն մնացած մարդկանց սոցիալական ապահովությանը․․․

– Հույս ունեք, որ այդ հարցերում չե՞ն տապալի։

– Ես ոչ թե հույս ունեմ, անկեղծ ասած՝ ես երբեք իրենց տրամաբանությունը չեմ կարող հասկանալ, բայց ենթադրում եմ, որ էնտեղ կհասկանան, որ չի կարելի քվեարկել մի օրենքի դեմ, որը, ասենք, սոցիալական ապահովությանն է ուղղված։

– Մենք հիմա խոսում ենք մի բանի մասին, որը չգիտենք՝ երբ է լինելու։ Ե՞րբ հրաժարական կտա։

– Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը որեւէ շանս չունի մնալու, որովհետեւ երկիրը կաթվածահար եղած է։

– Եվ նա կգնա առանց արյա՞ն, ցնցումների՞, շատ են ասում, որ խաղաղ ճանապարհով չի հեռանա։

– Նիկոլ Փաշինյանը սովոր չէ խաղաղ ճանապարհով հեռանալուն․․․ Մենք իրեն չճղճղան, ոչ հիստերիկ վիճակում գրեթե չենք տեսել։ Ընդ որում՝ իր կենսագրության բոլոր փուլերում։ Եվ եթե մի փուլում՝ մարդկանց հանդեպ ատելության շրջանակներում, դուր էր գալիս դա մարդկանց, երբ ասֆալտին էր փռում, չգիտեմ ինչեր էր անում՝ չհասկանալով, որ դա պետության վախճանն է իրականում նշանակում, եւ իր կենսագործունեության բոլոր փուլերում արյունն իրեն ուղեկցել է՝ բացի 2018-ից, որտեղ ինքը չէր որոշում, այլ որոշում էր երրորդ նախագահը, որն անարյուն իշխանություն տվեց։ Եթե իրենով լիներ, իր խոհեմության վրա հույս դնեինք, ապա մոռացեք, որ էդպիսի բան կլիներ։ Ես, ամեն դեպքում, խորապես հուսով եմ, որ իր կողքը գտնվող եզակի մարդիկ մի քիչ ավելի սթափ կգնահատեն, կամ մյուս վարչապետն ավելի ճիշտ կգնահատի իրավիճակը եւ կկարողանա նրա մոտ ստեղծել այն համոզմունքը, որն ունի հասարակությունը, որ ինքը չի կարող մնալ։