գլխավոր Գլխավոր Արայիկ Հարությունյանը շարունակում է ծառայե՞լ Փաշինյանին․ Հրապարակ

Արայիկ Հարությունյանը շարունակում է ծառայե՞լ Փաշինյանին․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի կատաղի քննադատ Վիտալի Բալասանյանի՝ ԱԱԽ քարտուղար նշանակվելուց հետո թվում էր, թե Արցախի իշխանությունը դուրս է մնում Նիկոլ Փաշինյանի ազդեցության դաշտից, փորձում է սեփական խաղը կառուցել, գուցե նաեւ՝ Ռուսաստանից ստացած ազդակների ազդեցությամբ։ Ենթադրվում էր, որ այլեւս չկա նախապատերազմական եւ պատերազմական օրերի այն իշխանությունը, որը Նիկոլ Փաշինյանի հնազանդ կամակատարն էր։ Այս տեսակետի համար հիմք են հանդիսանում նաեւ վերջին օրերի քաղաքական զարգացումները, որոնք զուգորդվեցին Արայիկ Հարությունյանի եւ Վիտալի Բալասանյանի հրապարակային հայտարարություններով։ Իսկ դրանք այն մասին են, որ Արցախում դե ֆակտո կառավարումն իրականացնելու է ոչ թե Արայիկ Հարությունյանը, այլ՝ Վիտալի Բալասանյանը, ով մինչ պաշտոնի նշանակվելը կոչով դիմեց Արայիկ Հարությունյանին՝ մատնանշելով մի շարք առաջնահերթություններ, անհրաժեշտություն համարելով Արցախում վերակառուցել իշխանությունը, իրականացնել ԱԺ նախագահի, ԱԺ նախագահի տեղակալի, մշտական գործող ԱԺ հանձնաժողովների կազմերի փոփոխություն, ձեւավորել համաձայնության կառավարություն, վերանայել իշխանության բոլոր օղակները եւ այլն, իսկ վերջում կոչը եզրափակեց․ «Դիմում եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ եթե Դուք նույնպես կիսում եք իմ մտահոգությունները եւ համամիտ եք իմ առաջարկություններին, ապա այս պարագայում ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում՝ լծվել պետականաշինության գործին»:

Սակայն, որոշ տեղեկություններով, Արայիկ Հարությունյանը դեռ շարունակում է ծառայել հայաստանյան իշխանություններին եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։ Մեզ պատմեցին, որ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հետեւում է Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներին եւ գտնում է արցախցիներին։ Մեզ ասացին, որ անգամ մի քանի աշխատակից է գործուղվել Հայաստան, ովքեր ամեն օր պարտաճանաչ ներկայանում են բողոքի ակցիաներին եւ որոնողական աշխատանքներ իրականացնում՝ ցուցարարների շարքերում հայտնաբերելով արցախցիների։ Եթե հայտնաբերում են, որ ակցիաներին մասնակցում են Արցախի պետական աշխատողներ, սպառնում են զրկել աշխատանքից։ Ասացին, որ անգամ Ֆեյսբուքում ակտիվ ընդդիմադիրներով են զբաղվում, որ Նիկոլ Փաշինյանին «քրֆող» օգտատերերի գործատուների միջոցով նրանց լռեցնեն։ Մեզ չհաջողվեց պարզել՝ արդյոք Արայիկ Հարությունյանն ինքնաբուխ, իներցիայո՞վ է շարունակում նիկոլապաշտական իր գործունեությունը, թե՞ Հայաստանից թարմ հրահանգներ է ստացել։

Արցախն այս օրերին ինֆորմացիոն բլոկադայի մեջ է, նախագահի խոսնակի հետ կապ հաստատելը դարձել է անհնարին։ Հետաքրքիր է՝ Վիտալի Բալասանյանը, որպես նախագահին կից կառույցի ղեկավար, տեղյա՞կ է այս ամենից, համաձա՞յն է դրա հետ, թե՞ Արայիկ Հարությունյանը մի ձեռքով համաձայնել է նրա՝ Արցախը փրկելու ճանապարհային քարտեզով առաջ շարժվելուն, մյուս կողմից ծածուկ իր գործերն է առաջ տանում՝ չհրաժարվելով Նիկոլ Փաշինյանից։ Պատահական չէ, որ արցախյան մեր աղբյուրները խորհուրդ են տալիս դեռ չշտապել Վիտոյի նշանակումով ոգեւորվելու կամ հիասթափվելու հարցում, ժամանակը ցույց կտա՝ նա կկարողանա՞ դառնալ Արցախի դե ֆակտո ղեկավարը, թե՞ Արայիկ Հարությունյանը նրան կառավարություն բերելով՝ լարումն Արցախում կթուլացնի եւ իր իշխանությունն ամրապնդելուց հետո Բալասանյանին ցտեսություն կասի։