գլխավոր Հասարակություն 50 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություն անցել է Ադրբեջանին. Hetq.am

50 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություն անցել է Ադրբեջանին. Hetq.am

Գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը մինչև պատերազմը Արցախի Քաշաթաղի շրջանում, որը գրավել են ադրբեջանական ուժերը, 200 հեկտար ցանքատարածքներ է մշակել՝ աճեցնելով օրգանիկ հատիկաընդեղեն, հիմնականում՝ հաճար: Բերքի զգալի հատված արտահանվել է, մյուս հատվածն էլ՝ սպառվել Արցախում ու Հայաստանում: Պատերազմից հետո նա և բազմաթիվ այլ գործարարներ կորցրել են իրենց բիզնեսի մեծ մասը:

Բացի այն, որ բազմաթիվ մարդիկ կորցրել են իրենց բիզնեսն ու աշխատանքն, այս խնդիրը նաև պարենային անվտանգության ռիսկեր է պարունակում: Կոպիտ հաշվարկներով՝ Հայաստանում և Արցախում տարեկան սպառվել է  500-600 հազար տոննա հացահատիկ: Արցախն ապահովել է  դրա 20-30%-ը:  Եվ հիմա այդ 20-30%-ը «բաց է մնում»:  

Հակառակորդին է անցել 95  հազ. հեկտար վարելահող

Արցախում, պաշտոնական տվյալներով, տարեկան մինչև 150 հազար տոննա հատիկաընդեղեն և հացահատիկ է աճեցվել, մասնավորապես 2019-ին՝ 118 հազար տոննա: 

Թե պատերազմի հետևանքով հակառակորդին անցած հողերի կազմում որքան են հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները, հստակեցված չէ: Առայժմ միայն նախնական հաշվարկներ են: «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Արցախի գյուղատնտեսության նախարարությունից պատասխանել են, որ նախնական հաշվարկներով, հակառակորդին է անցել շուրջ 95 հազ. հեկտար վարելահող: Նշված տարածքներում կատարվում էր տարեկան ավելի քան 70 հազ. հեկտար  ցանքս, որից շուրջ 50 հազ. հա՝ հացահատիկային: Հացահատիկային մշակաբույսերից ցանվում էր հիմնականում ցորեն, գարի ու հաճար:  

Ինչ վերաբերում է հատիկաընդեղենին, ապա՝ հակառակորդի վերահսկողության տակ անցած վարելահողերում, նախնական հաշվարկիներով, մշակվում էին շուրջ 450 հեկտար հատիկաընդեղեն: Դա, կրկին ըստ նախարարության հաղորդած տվյալների, կազմել է Արցախում հատիկաընդեղենի մշակաբույսերի ցանքատարածությունների 30%-ը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Արցախում հացահատիկ և հատիկաընդեղեն է աճեցվել հիմնականում Քաշաթաղի, Հադրութի, Ասկերանի, Մարտունու ու Մարտակերտի շրջաններում:  Միայն Շահումյանի ու Շուշիի շրջաններում է այն փոքր թիվ կազմել: Հաշվի առնելով հակառակորդին  անցած տարածքների մասին տեղեկությունները, կարելի է ենթրադրել, որ հացահատիկի ցանքատարածքների շուրջ 90%-ն անցել է հակառակորդին:

Իսկ Հայաստանում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների (ՀՀ ՎԿ), 2019 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 199 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն, որը 2018 թվականի համեմատ կրճատվել է 41.2%-ով:

Միևնույն ժամանակ, Հայաստանը զգալի քանակությամբ հացահատիկ է ներմուծում: Ըստ մաքսային ծառայության տվյալների՝ 2019 թվականին ներմուծվել է 250 հազար տոննա ցորեն: Հայաստան ներմուրծվող ցորենի մոտ 90%-ը Ռուսաստանից է, մնացածը՝ հիմնականում Ուկրաինայից ու Վրաստանից: 

Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ ցորենի ինքնաբավության մակարդակը 2018 թվականին կազմել է 31.5%, որը տարիների ընթաթքում նվազել է: Համեմատության համար 2014 թվականին այն կազմել է 48.7%:

«Ժամանակ կորցնելու իրավունք չունենք»

Հարություն Մնացականյանը շեշտում է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ժամանակ կորցնելու իրավունք չունեն. պետք է արդեն իսկ  ծրագիր մշակել հստակ քայլերով ու անցնել այն իրագործելուն: Այլապես՝ ցորենի պարենային անվնագության լուրջ խնդիրներ են առաջ գալու:

Գյուղատնտեսը դեռևս 2019 թվականից Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը ներկայացրել է հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրությունը զարգացնելու ճանապարհային քարտեզ, որը սակայն մինչ օրս արձագանքի չի արժանացել:

Ծրագիրը ներառում է չորս հիմնական ուղղություններ՝ գյուղատնտեսական տեխնիկայի թարմացում, որակյալ սերմնացուի ներմուծում, հողերի պարարտացման վերահսկում և ցանքաշրջանառության ապահովում: 

«Մեր տեխնիկան 40 տարվա է՝ 20-50% կորստով ենք բերքը հավաքում: Դա շատ լուրջ ազդեցություն է թողնում մշակաբույսերի ինքնարժեքի վրա: Հաջորդը պարարտացման խնդիրն է: Մեր գյուղացիները միշտ պարարտացնում են նույն ազոտական պարարտանյութով, որը հողն ամբողջությամբ դեգրադացնում է: Պետությունը պետք է պարտադիր միջոցներ ձեռնարկի՝ տարբեր գործիքներ կիրառելով, օրինակ՝ ինչ-որ քանակությամբ հող ունեցող գյուղացին չկարողանա ինչ-որ քանակությունից ավելի ազոտական պարարտանյութ գնել, որպեսզի հողը շարքից դուրս չգա»,- ասում է Հարություն Մնացականյանը:  

Երրորդը ցանքաշրջանառության խնդիրն է: Գյուղատնտեսը համոզված է, որ գյուղացին պետք է պարտադիր ցանքաշրջանառություն իրականացնի: «Այսինքն՝ ամեն տարի, եթե դու նույն հողի վրա ցորեն ես ցանում, հողդ սկսում է աղքատանալ և բերքատվությունը պակասում է կամ զրոյանում: Գյուղացին սկսում է վնասով աշխատել և հրաժարվել հողը մշակել: Ցորենն առանց հատիկաընդեղենի չի կարող զարգանալ: Եթե ցորենի ցանքատարածքներում հաջորդ տարի հատիկաընդեղեն չես աճեցնում, հողը որակազրկվում է, հետագայում ցորեն էլ չես կարող աճեցնել: Դրանք փոխկապակցված կուլտուրաներ են: Ցորենից հետո պետք է հատիկաընդեղեն աճեցվի, որ հողն ազոտով հարստացվի: Պետք է հողը բալանսի բերել»,- շեշտում է նա: 

Գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերաբացվի՝ որոշակի կառուցվածքային փոփոխություններով, կարծում է մեր զրուցակիցը:  Գյուղատնտեսության զարգացման ծրագրերը պետք է ամենայն մանրամասնությամբ քննարկվեն ու հիմնավորվեն, որի համար կոմպետենտ մասնագետներ են հարկավոր:

Հարցին՝ արդյոք կառավարությունից որևէ առաջարկներ եղել են այն գյուղատնտեսներին, որոնք կորցրել են իրենց ցանքատարածքները՝ հակառակորդին հողերն անցնելուց հետո, Հարությունը Մանացականյանն իր օրինակով պատասխանում է, որ որևէ քննարկման կամ աջակցության առաջարկ չի ստացել է: Շեշտում է, որ ֆինանսական աջակցության առաջարկի դեպքում չի ընդունի այն:

«Ես կարող  եմ մեկ տարվա մեջ վերապրոֆիլավորվել, ուղղությունս կփոխեմ: Ես այս երկրում գյուղատնտեսությունը  շատ լավ պատկերացնում եմ: Պետության վիճակը ծանր է, բյուջեն վատ վիճակում է, ես ինքս որևէ աջակցություն չեմ ուզում պետությունից: Բայց կառավարությունը պետք է գործի անցնի: Կարելի է ընդհանուր կոնսենսուսի գալ և այս ճահճից դուրս գալ: Ես 2015 թվականից բարձրաձայնում եմ, որ մեր գյուղատնտեսությունը  քարանձավային վիճակում է: Կարելի է հստակ քայլերով այս իրավիճակից դուրս գալ»,- ասում է Հարություն Մնացականյանը:

Աշնանացան ցորենի բերքին սպասելիս …

էկոնոմիկայի նախարարի տեղակալ (գյուղատնտեսության գծով) Տիգրան Գաբրիելյանը կարծում է, որ առաջիկայում Հայաստանին հացահատիկի և հատիկաընդեղենային մշակաբույսերի պարենային անվտանգության խնդիրներ չեն սպառվում:  Պարենի պակասը կլրացվի ներմուծմամբ: Բացի այդ, այս պահին ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերից է աշնանացան ցորենի սերմնացուի սուբսիդավորման ծրագիրը, որն իրականցվել է այս տարվա աշնանը, իսկ արդյունքները կերևան եկող տարվա գարնանը: 

Փոխնախարարն ընդգծում է, որ Հայաստանում մշակված ռազմավարության տրամաբանությունն է ոչ թե հացահատիկի ցանքատարածքների ավելացումն, այլ՝ արդեն իսկ եղած ցանքատարածքներում բերաքատվության մակարդակի բարձրացումը: Այսօր մեկ հեկտարից միջինում ստացվում է 1.8 տոննա ցորեն, սակայն այն հնարավոր է դարձնել ընդհուպ մինչև 10 տոննա: Զուգահեռ պետք է բարձրացնել նաև տեղական սերմարտադրությունը: Իսկ պարարտանյութերի ներմուծման շուկան, որը ազատականացվել է, ըստ Տիգրան Գաբրիելյանի, թույլ է տալիս ավելի որակով և ավելի մատչելի պարարտանյութ ձեռք բերել: 

Մանրամասները՝ Hetq.am