գլխավոր Քաղաքականություն Արցախում ցանկացած խախտում Ռուսաստանին նետված մարտահրավեր կլինի․ Դավիթ Բաբայան

Արցախում ցանկացած խախտում Ռուսաստանին նետված մարտահրավեր կլինի․ Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի` արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը` անդրադառնալով Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության դերին և նշանակությանը:

Նա նշել է, որ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը պետք է դիտարկել երկու հարթություններում` զուտ ռազմական և քաղաքական:

«Զուտ ռազմական տեսանկյունից, իհարկե, ավելի լավ կլիներ, որ ավելի շատ խաղաղապահներ լինեին: Բայց այս հարցը ունի նաև քաղաքական հարթություն: Այսինքն, եթե նույնիսկ մեկ ռուս խաղաղապահ ներկա լինի այստեղ, դա արդեն Ռուսաստանի ներկայության նշան կլինի: Այսպիսով, հրադադարի ռեժիմի խախտումն արդեն կունենա քաղաքական հետևանքներ» – ասել է Դավիթ Բաբայանը:

Նա նշել է, որ ժամանակը ցույց կտա, թե որքանով է ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախի տարածքում բավարար, բայց, ըստ նրա, դա շատ կարևոր է, քանի որ ցանկացած խախտում մարտահրավեր կլինի ՌԴ-ի համար:

«Ցանկացած խախտում Ռուսաստանին նետված մարտահրավեր կլինի: Իսկ դա արդեն կնշանակի դեպքերի միանգամյան այլ զարգացում: Սա շատ նման է Հայաստանում ռուսական ռազմաբազա ունենալու իրավիճակին»,- ասել է Բաբայանը:

Վերջինիս խոսքով՝ Թուրքիայի կողմից լայնամասշտաբ ագրեսիայի դեպքում այդ ռազմաբազան չի կարող պաշտպանել հայկական կողմին:

«Միևնույն ժամանակ դրա խորհրդանշական ներկայությունն արդեն անհնարին է դարձնում Թուրքիայի ագրեսիան, առնվազն գոնե հիմա»,-եզրափակել է իր խոսքը զրուցակիցը: