գլխավոր Քաղաքականություն Արցախի բնակիչներին հյուրընկալելու համար ՀՀ քաղաքացիներին կտրվի 30 հազար դրամ, Արցախի քաղաքացիներին՝...

Արցախի բնակիչներին հյուրընկալելու համար ՀՀ քաղաքացիներին կտրվի 30 հազար դրամ, Արցախի քաղաքացիներին՝ 45 հազար դրամ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց, որ Արցախի քաղաքացիների մի հատված կեցությունը իրականացնում է  ՀՀ տարածքում, քանի որ իրենց բնակավայրերը չեն գտնվում հայկական վերահսկողության ներքո և մասնավոր տեղերում են իրենց կեցությունը ապահովում ՀՀ քաղաքացիների հյուրընկալությամբ:

Այսպիսով նախագծով՝ սոցիալական աջակցությունը տրամադրվում է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է, 45 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է:

Ծախսերի փոխհատուցումը ժամանակավոր վեց ամսով է:  Աջակցությունը տրամադրելու համար պետք է դիմել յուրաքանչյուր ամիս՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Մեսրոպ Առաքելյանը նշեց՝ որպես վարձակալության գումար չեն տրամադրվելու և հարկման ենթակա չէ: