գլխավոր Գլխավոր Ոչ մի բան չենք հասցրել վերցնել, մեր հագի շորերով դուրս ենք եկել...

Ոչ մի բան չենք հասցրել վերցնել, մեր հագի շորերով դուրս ենք եկել տնից. արցախցի.168.am

Մարտունու շրջանի Շեխեր գյուղի բնակիչ Անուշ Ամիրջանյանի ընտանիքը, որը ժամանակավոր բնակվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում, անհամբեր սպասում է այն օրվան, երբ վտանգները կհասցվեն մինիմալի, ու իրենք կկարողանան վերադառնալ Արցախ՝ բնակվելու:

«Այստեղ 4 հոգով ենք. ես, մայրս, 4 տարեկան աղջիկս և 8-ամյա տղաս: Թաղապետարանից որպես օգնություն՝ մեկ անգամ սնունդ ենք ստացել: Ուզում ենք վերադառնալ Արցախ, բնակվել Ստեփանակերտում, սակայն դեռևս վախենում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Անուշը:

Նա ցավով է խոսում մեր հայրենի հողի կորսված տարածքների մասին, բայց հավատացած է՝ վաղ թե ուշ դրանք վերադարձնելու ենք:

«Մարտունի 6 գյուղ թշնամու ձեռքում է: Ես քանի որ փոքր երեխաներ ունեմ, գյուղից դուրս եմ եկել սեպտեմբերի 28-ի երեկոյան, իսկ մայրս, տատիկներս՝ ավելի ուշ, երբ Հադրութից սկսել է առաջ գալ թշնամին, ու ստիպված սկսել են գյուղը տարհանել: Չգիտեմ, միգուցե կարողանայինք պահել տարածքները, կին թե տղամարդ պայքարում էին մեր մի բուռ հողի համար: Թշնամու տեխնիկան ահավոր էր, բայց գյուղերի տարհանումը շատ բան փոխեց. եթե չտարհանեին՝ ինձ թվում է, այդքան առաջ չէին գա: Այս տարհանումը շատ բան փոխեց: Ոչ մի բան չենք հասցրել վերցնել, մեր հագի շորերով դուրս ենք եկել տնից: Լիքը անասուն ունեինք, դրանք էլ մնացին: Հիմա ամեն ինչը կորցրած մարդիկ ենք: Երեխաներին վախենում եմ տանել, զանգել եմ ամուսնուս, թե՝ գանք, ասում է՝ անհնար է դեռ ապրելը, 4 կողմը թուրք է, ցանկացած պահի խմած մտնում են գյուղ: Բայց դե, մեկ է, գոնե Ստեփանակերտ կգնամ, կմնամ: Մեր գյուղից երկու հոգի չէին համաձայնել գյուղից դուրս գալ, մի 2 օր առաջ Կարմիր խաչը մտել տեսել է՝ մեկին մորթել են բակում, մյուսին էլ՝ կախել ծառից: Բարբարոսներն ամբողջ գերեզմանները քանդել են, իսկ միջազգային հանրությանը հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում: Եթե միջազգային խաղերը չլինեին՝ մերոնք հաստատ հաղթելու էին: Այսօր տղաս ասում է՝ մամ, գնում եմ մեր գյուղ, պատասխանում եմ՝ բալես, մեր գյուղն էլ չկա, ասում է՝ ես ավտոմատս կվերցնեմ, կգնամ կազատագրեմ…»,- նշեց տկին Անուշը:

Ընտանիքն ունի նաև հայրենակիցների աջակցության կարիքը: Հագուստից, սնունդից բացի, անհրաժեշտ են նաև տաք ծածկոցներ: