գլխավոր Իրադարձային Իրանի մջուկային հզորությունն այսօր շատ ավելի մեծ է, քան 8 տարի առաջ....

Իրանի մջուկային հզորությունն այսօր շատ ավելի մեծ է, քան 8 տարի առաջ. Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի միջուկային հզորությունը շատ ավելի մեծ է, քան ութ տարի առաջ:

«Մեր թշնամիներն արել են ամեն հնարավորը՝ ճնշում գործադրելու համար Իրանի ժողովրդի նկատմամբ՝ ստիպելու նրան հանձնվել: Թշնամիները ցանկանում էին պատժամիջոցները վերածել լիամասշտաբ տնտեսական պատերազմի, սակայն միևնույն ժամանակ վստահ ենք, որ Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ամերիկյան արշավը ձախողվել է, իրավիճակն այլ կլինի իրանական օրացույցով հաջորդ տարում (սկսում է 2021 թվականի մարտից)»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռոհանին՝ ելույթ ունենալով կառավարության նիստում:

«Ով էլ իշխանության գա ԱՄՆ-ում պետք է ծնկի գա Իրանի ժողովրդի դիմակայության առաջ»,- հավելել է երկրի ղեկավարը:

Նա նկատել է, որ 2016 թվականին երկրում արձանագրված 14.5 տոկոս տնտեսական աճով Իրանն աճի ամենաբարձր ցուցանիշն էր գրանցել աշխարհում:

«Մեր պաշտպանական ուժը, հատկապես ռազմավարական զենքի ասպարեզում, այս յոթ տարիների ընթացքում անհամեմատելի է 8 տարի առաջ եղածի հետ: Միջուկային հզորությունը, որն ունենք այսօր, շատ ավելի մեծ է, քան երբևէ»,- շեշտել է Ռոհանին:

Tert.am