
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր է զարգացնել իր խաղաղապահ ներուժը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ավարտին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Այսօր մեր գործունեության համար մի շարք կարևոր փաստաթղթեր են ստորագրվել տարբեր ոլորտներում: Դրանք փաստաթղթեր են մեր խաղաղապահ ներուժի զարգացման և ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալուն ուղղված հետագա քայլերի մասին»,- ասել է Զասը:
Նրա խոսքով՝ երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կմիանան ՄԱԿ-ի հովանու ներքո տեղի ունեցող գործողություններին:
Բացի այդ, դրանք բնորոշում են ՀԱՊԿ-ի խաղաղապահ անձնակազմի նախապատրաստումը՝ ըստ ՄԱԿ-ի չափանիշների և յուրահատկությունների: Հաստատվել է նաև նյութատեխնիկական և բժշկական ապահովման մասին համաձայնագիրը:
Tert.am