գլխավոր Իրադարձային Թուրքիայի ՊՆ-ն խոսել է մշտադիտարկման համատեղ կենտրոնում թուրք և ռուս սպաների տեղակայման...

Թուրքիայի ՊՆ-ն խոսել է մշտադիտարկման համատեղ կենտրոնում թուրք և ռուս սպաների տեղակայման ժամկետի մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է պաշտպանության և անվտանգության հարցերին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Anadolu լրատվական գործակալությունը, Աքարը նաև խոսել է Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի մասին։

«Մեր փոխնախարարը պաշտոնակցի հետ քննարկել և եզրափակել է հարցի տեխնիկական մանրամասները: Ձեռք է բերվել համաձայնություն: Մեր համատեղ դիտորդական կենտրոնը ստեղծելու համար որևէ խոչընդոտ չի մնացել: Հիմա ընթանում են այնտեղի շինարարական աշխատանքները։ Մեր ընկերները շատ կարճ ժամանակ անց ծառայելու են այնտեղ: Թուրք և ռուս գեներալները, սպաները միասին կլինեն այնտեղ, կապահովեն հրադադարի ռեժիմի պահպանումը և ջանքեր կգործադրեն հրադադարի ռեժիմը մշտական դարձնելու ուղղությամբ: Բացի այդ, շարունակվում են ադրբեջանցի եղբայրների հետ զորավարժությունները», – ասել է Աքարը:

Դեկտեմբերի 1-ին ավարտվել են  Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման տեխնիկական մանրամասների շուրջ բանակցությունները, Թուրքիայի և Ռուսաստանի միջև, կնքվել է համաձայնագիր: