գլխավոր Իրադարձային «Դեմքերը մանկական են, սակայն տեսանելի ու անտեսանելի վերքերը՝ խորը». Marianne-ը՝ պատերազմում վիրավորված...

«Դեմքերը մանկական են, սակայն տեսանելի ու անտեսանելի վերքերը՝ խորը». Marianne-ը՝ պատերազմում վիրավորված հայ զինծառայողների և առաջիկայում նրանց սպասվող խնդիրների մասին

Մի քանի հազար հայեր մեկուկես ամիս Լեռնային Ղարաբաղում պայքարել են ադրբեջանական բանակի դեմ։ Այսօր զինծառայողներն ու կամավորները վերադառնում են Հայաստան, սակայն անսպասելի նահանջից ապշած հասարակությունը ոչ միշտ է պատրաստ ընդունել նրանց ֆիզիկական ու հոգեկան վերքերը, գրում է ֆրանսիական Marianne պարբերականը՝ անդրադառնալով պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին ու հնարավոր խնդիրներին, որոնք դեռ սպասվում են առջևում։

Ինչպես գրում է պարբերականը, պատերազմի ընթացքում առաջնագծում վիրավորում ստացած զինվորների մեծ մասը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից տեղափոխվել է Երևանի տարբեր բուժհաստատություններ, սակայն դրանց հնարավորությունները ոչ միշտ են համապատասխանում ներկա կարիքներին։

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության մամուլի քարտուղար Սաթեն Միքայելյանի խոսքով՝ կազմակերպության ենթակայության տակ գտնվող «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը» կարող էր լիարժեք աջակցություն ցուցաբերել նախորդ պատերազմներում վիրավորված զինծառայողների մեծ մասին, սակայն այս անգամ օգնության կարիք ունեցողների թիվը չափազանց մեծ է։

«Չնայած, որ այս պահի դրությամբ պաշտոնական թվեր չկան, սակայն, մեր տվյալներով, վիրավոր զիվորներն ավելի քան հինգ հազարն են», – նշում է Միքայելյանը։

Ինչպես գրում է պարբերականը՝ հայկական կողմում մեծաթիվ զոհերի ու վիրավորների հիմնական պատճառը հակառակորդի կողմից անօդաչուների ու հրետանու կիրառումն էր։ Ռազմական վիրաբույժ Միքայել Սամսոնյանի խոսքով՝ իրենց համար անսպասելի էր նման զենքերի կիրառումը, ինչի հետևանքով մեծ թվով ծանր վիրավորներ կան, ուստի հայկական հասարակությունը ստիպված է լինելու ընդունել մեծաթիվ զինհաշմանդամներին։

Այս ամենին է գումարվում նաև հետագայում աշխատանք գտնելու հնարավորությունների նվազումը, քանի որ առանց այն էլ գործազրկության բարձր մակարդակ ունեցող երկրում սահմանափակ կարողություններով անձանց շրջանում գործազրկության մակարդակը գերազանցում է 90%, քանի որ «ընկերություններին ակտիվ, գործունակ ու ներկայանալի աշխատակիցներ են հարկավոր»։

Բավական նահապետական հասարակությունում աշխատանքը տղամարդկանց սոցիալական ինտեգրման հիմնարար միջոցն է, ուստի «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը» ֆիզիկական վերանգանգնումից բացի ապահովում է նաև ծրագրավորման, լեզուների ու հաշվապահության դասընթացներ զինհաշմանդամների մասնագիտական վերապատրաստման համար։

Սաթեն Միքայելյանի խոսքով՝ դեռ 2014 թվականին նոր նախագծի ստեղծման աշխատանքները սկսելիս իրենց զարմացրել է այն փաստը, որ զինվորների սոցիալական ինտեգրման համար նմանատիպ ծրագրեր գոյություն չունեն։

«Առայժմ մենք միակ կազմակերպությունն ենք, որն առաջարկում է վերապատրաստման այս տեսակը», – հպարտությամբ հավելում է Միքայելյանը՝ ընդգծելով, որ այս կերպ օգնում են զինվորներին կրկին հասարակական կյանք վարել։

Հասարակության զարգացումը դանդաղեցնող զգալի գործոններից մեկն է նաև քաղաքաշինության ոլորտում խորհրդային տարիներից մնացած ժառանգությունը, գրում է պարբերականը՝ ընդգծելով, որ Երևանը և, առհասարակ, ամբողջ Հայաստանը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

Ինչպես նշում է սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Եվգինե Վարդանյանը, Հայաստանը բացարձակապես պատրաստ չէր այս պատերազմին և շատ ծանր գին է վճարել։

«Մեր ֆինանսները սահմանափակ են, և մենք պատրաստ չենք տեսնել հաշմանշմանդամություն կամ հոգեկան խանգարումներ ունեցող մեր զինվորներին, սակայն մենք պարտավոր ենք օգնել նրանց հասարակության մաս կազմել։ Իսկ ես կարծում եմ՝ նրանք մերժված են լինելու», – նշում է Վարդանյանը։

«Հոգեկան առողջության ծառայություն» կազմակերպության տնօրեն, հոգեբույժ Արամ Հովսեփյանն, այնուամենայնիվ, այլ կարծիքի է։ Նրա խոսքով՝ զինհաշմանդամները մերժված չեն լինի, սակայն հասկացված էլ չեն լինի։

«Հարցն այն չէ՝ պատրաստ է արդյոք հայ հասարակությունն ընդունել այդ զինվորների տրավմաները։ Հարցն այլ է՝ պատրաստ են արդյոք այդ զինծառայողները հանրության հետ կիսվել իրենց պատմություններով։ Նրանց համար շատ դժվար է իրենց տրավմաներից խոսելը։ «Տղամարդկության» մշակույթը Հայաստանում բացառում է թուլության իրավունքը։ Տղամարդը չպետք է թույլ լինի», – ընդգծում է հոգեբույժը։

Պատերազմ տեսած զինվորները մի քանի շաբաթում հասունացան, գրում է պարբերականը՝ նշելով, որ նրանցից ոմանք մտադիր են դիմել հեգեթերապևտի, սակայն, այնուամենայնիվ, ոչ բոլոր զինծառայողներն են պատրաստ նման քայլի գնալ, իսկ շատերը կտրականապես հրաժարվում են մասնագիտական օգնությունից, ինչն էլ, Արամ Հովսեփյանի խոսքով, զարմանալի արձագանք չէ, քանի որ նախկին խորհրդային պետությունում դեռ գոյություն ունեն բազմաթիվ «միֆեր» հոգեբանների ու հոգեբույժների մասին։

«Կրթված երիտասարդների համար հոգեբանին դիմելը խնդիր չէ, սակայն նրանց ծնողները դա առայսօր ամոթալի են համարում», – հավելում է Հովսեփյանը։

«Հոգեկան առողջության ծառայությունն» այս պահին ունի 24 բուժառու, սակայն առաջիկայում Արամ Հովսեփյանն իր գործընկերների հետ մտադիր է անվճար բուժօգնություն ցուցաբերել շաբաթական 150 զինվորի։ Բժշկի խոսքով՝ այս պահին պետությունը կարող է հոգալ միայն առաջին անհրաժեշտության հոգսերը, ուստի «Հոգեկան առողջության ծառայությունը» որպես մասնավոր կազմակերպություն մտադիր է մասամբ հոգսն իր վրա վերցնել։

«Հոգեբանական աջակցության կարիք կարող են ունենալ, ընդհանուր առմամբ, մոտ տասը հազար զինվոր, սակայն մենք չենք կարող մեր հովանու տակ առնել բոլորին, ուստի հարկավոր է նախնական աշխատանքներ տանել, որպեսզի կանխենք այն խնդիրները, որոնք կապված կլինեն հետտրավմատիկ խանգարման հետ, որը ոչ միշտ է վիրավորների ապաքինումից հետո ախտորոշվում հոսպիտալներում», – նշել է մասնագետը՝ հավելելով, որ դրա համար հարկավոր է առաջին հերթին բարձրացնել սպաների և զինվորների ծնողների տեղեկացվածության մակարդակը, որպեսզի նրանք կարողանան առաջին ամիսների ընթացքում նկատել այդ խանգարման նշանները։

«Ներկայում մինչև 30 տարեկան երիտասարդներով լեփ-լեցուն հիվանդանոցները մանկական ճամբարներ են հիշեցնում։ Դեմքերը մանկական են, սակայն տեսանելի ու անտեսանելի վերքերը՝ խորը», գրում է պարբերականը՝ եզրափակելով հոդվածը բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայող Նարեկ Ստեփանյանի խոսքով. «Մի քանի շաբաթվա ընթացքում մենք մեծացանք մի քանի ամսով։ Պատերազմը սարսափելի բան է։ Այն բանից հետո, ինչ մենք՝ 18-20 տարեկան տղաներս տեսանք, մենք միայն մի բան ենք ուզում՝ խաղաղություն»։

Tert.am