գլխավոր Գլխավոր Ինչու՞ չկրակեց Իսկանդերը և ի՞նչ թիրախներ ուներ․ Razm.Info

Ինչու՞ չկրակեց Իսկանդերը և ի՞նչ թիրախներ ուներ․ Razm.Info

Razm.Info վերլուծական պորտալը շարունակում է թվարկել այն թիրախները, որոնց կարող էր կրակել Իսկանդերը․

ԹԻՐԱԽ №8. ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԲԱԶԱՆԵՐ

Պատերազմի ժամանակ բանակի մարտունակությունը պահելու համար կարևոր նշանակություն ունի նաև վնասված ու փչացած տեխնիկայի հնարավորինս արագ վերանորոգումը և շարք վերադարձնելը։

Պատերազմի օրերին ադրբեջանական կողմը որպես առաջնային վերանորոգման կետ օգտագործում էր Բայլական (Բեյլագան) քաղաքի զորամասերից մեկը, որտեղ վերականգնվում էին այդ թվում մեզնից վերցված տանկերը:

Ռազմական տեխնիկայի նորոգման համար նախատեսված մեկ այլ, ավելի խոշոր մի բազա տեղակայված է Բաքվի հարավ-արևելքում գտնվող Ղարադաղի շրջանում՝ Բաքվից դուրս եկող ճանապարհի և երկաթգծի մոտ: Այստեղ վերանորոգում են անցնում ինչպես տանկեր ու այլ զրահատեխնիկա, այնպես էլ՝ հրետանային միջոցներ:

Ընդ որում այս բազայի մոտ է գտնվում նաև երկաթուղու բեռնման կետը, որտեղ առաջնագիծ ուղարկվելու համար վագոնների վրա էր բարձվում 4-րդ բանակային կորպուսի թրթուրավոտ տեխնիկան։Վերանորոգման այս բազայի և նրա մոտի երկաթուղու բեռնման կետի թիրախավորումը թեև «ակնթարթային» ազդեցություն չէր թողնելու ընթացող մարտական գործողությունների վրա, սակայն արդեն երկարաժամկետ պլանում թուլացնելու էր Ադրբեջանի ԶՈւ վերականգնման տեմպերը և, որ պակաս կարևոր չէ, դանդաղեցնելու էր 4-րդ կորպուսի տեղափոխումը ռազմաճակատ։ Այս ամենն իր ազդեցությունն էր թողնելու ադրբեջանական բանակի և՛ մարտունակության, և՛ հարձակման տեմպի ու արդյունավետության վրա։

ԹԻՐԱԽ №9. ԼՈՔԲԱԹԱՆԻ ԱՎԻԱԲԱԶԱ

Լոքբաթանի ավիաբազան կառուցվել է 2013թ․-ից հետո։ Մինչ այդ այս տեղում փոքր աերոդրոմ էր հողե թռիչքուղով։ Ներկայումս հողե թռիչքուղու փոխարեն 1400մ-նոց բետոնե թռիչքուղի է։

Ադրբեջանի մյուս ավիաբազաների համեմատ Լոքբաթանը բավականին փոքր է, իսկ պաշտոնապես էլ այն ներկայացվում է որպես «ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն»։ Այս հանգամանքները կարող են ավիաբազան թերագնահատելու պատճառ դառնալ, սակայն իրականում Լոքբաթանն ադրբեջանական ԱԹՍ-ների բազա է, որոնք կայանվում են նորակառույց երկու անգարներում։ Մասնավորապես այստեղ են տեղակայված Heron ԱԹՍ-ները, ինչպես նաև դրանց կառավարման հանգույցները։ Իսկ պաշտոնական անվանումն էլ, ըստ ամենայնի, քողարկման նպատակ է հետապնդում։

ԹԻՐԱԽ №10. «ԱՐԱԶ» ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ադրբեջանի ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարաններից է։ Այն տեղակայված է Շիրվան քաղաքի հյուսիսային հատվածում: 2006թ․-ից սկսած «Արազ» գործարանը գտնվում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ և զբաղվում է տարբեր տեսակի արկերի արտադրությամբ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այստեղ մեկ տարվա ընթացքում կարող է արտադրվել 20 հազար 60 միլիմետրանոց և 40 հազար 82 կամ 120 միլիմետրոնց ականանետային արկ: Բացի այդ «Արազի» կազմում գործում է նաև նաև անպիտան զինամթերքի ոչնչացման կենտրոն։

Գործարանին կից կա նաև խոշոր զինապահեստ, որը կազմված է տարբեր չափերի 7 տասնյակից ավել պահուստարաններից։ Կարծում ենք, որ այս գործարանի նշանակությունը և դրան հարվածելու կարևորությունը բացատրելու կարիք չկա։

Այսքանով Ռազմինֆոն ավարտում է «Չկրակված հրթիռներ» հոդվածաշարը։ Այս ընթացքում մենք ներկայացրինք Ադրբեջանի ռազմավարական կարևոր նշանակության 10 օբյեկտներ, ընդ որում օբյեկտներն ընտրել ենք այնպես, որ դրանց հարվածելը արդյունավետ լիներ նաև պատերազմի ընթացքում։ Եթե հայկական կողմը հասցներ կանխարգելիչ հարված, ապա հնարավոր կլիներ ընտրել այլ օբյեկտներ, օրինակ՝ խոշոր հրետանային զորամասեր, որոնք պատերազմի ժամանակ դուրս էին բերվել մշտական տեղակայման վայրերից։

Առաջիկայում մենք հակիրճ ակնարկով կանդրադառնանք նաև այս հոդվածաշարի հետ կապված առավել հաճախ հնչեցված որոշ հարցերի։