գլխավոր Без рубрики ՌԴ ՊՆ ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում նաև Ստեփանակերտի քաղաքացիական բնակչությանը

ՌԴ ՊՆ ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում նաև Ստեփանակերտի քաղաքացիական բնակչությանը

ՌԴ ՊՆ Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բժիշկներին բուժօգնություն ստանալու նպատակով շուրջ 70 բնակիչ է դիմել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Քաղաքացիները դաշտային նորաստեղծ հոսպիտալ են դիմել հիմնականում սրտային, էնդոկրին համակարգի խնդիրներով ու ատամնաբուժական խնդիրներով:

ՌԴ ՊՆ Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կազմում Լեռնային Ղարաբաղ է ժամանել ավելի քան 100 ռազմական բժիշկ, որոնց թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Ռազմաբժշկական ստորաբաժանումները համալրված են լաբորատոր-ախտորոշիչ սարքավորումներով, որոնցով հնարավոր է կատարել ռենտգենոլոգիական, ֆլյուրոոգրաֆիկ, էնդոսկոպիկ հետազոտություններ, վիրահատական միջամտություններ օրական մինչև 40 վիրահատություն ծավալով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր է տեղափոխվել ավելի քան 27 հազար քաղաքացի: