գլխավոր Քաղաքականություն Բաքուն վստահեցնում է, որ հայ ռազմագերիների մասնակցությամբ շքերթ չի ծրագրում

Բաքուն վստահեցնում է, որ հայ ռազմագերիների մասնակցությամբ շքերթ չի ծրագրում

Բաքվում բացառում են հայ ռազմագերիների մասնակցությամբ շքերթի կազմակերպումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի գերիների ու անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովին։ Նշվում է, որ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե Ադրբեջանը մտադիր է նվաստացնել հայ ռազմագերիների պատիվն ու արժանապատվությունը Բաքվում կայանալիք շքերթի ընթացքում, չի համապատասխանում իրականությանը։ Բաքվում վստահեցրել են նաև, որ ռազմագերիների ու պատանդների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կողմնակից են։ ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներովԱդրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում: Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել: