գլխավոր Քաղաքականություն Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով

Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով

Լեռնային Ղարաբաղում գերիների և զոհվածների դիակների փոխանակման գործընթացն ավելի արագ կիրականացվի։  Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

«Մենք շահագրգռված ենք, որ այդ հումանիտար խնդիրը հնարավորինս շուտ լուծվի։ Այդ ուղղությամբ  մեր խաղաղապահներն արդեն մի շարք գործողություններ են ձեռնարկել», — հայտարարել է Լավրովը։

Նախարարը նշել է, որ այս հարցը պարբերաբար բարձրացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հեռախոսազրույցների ժամանակ։ Լավրովը հավելել է, որ վերջերս նման շփումներ քիչ չեն եղել։

Նա հիշեցրել է, որ հակամարտության թեժ պահերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարհանել էր աշխատակիցներին Ղարաբաղից։

Վերջին շաբաթների ընթացքում ռուսական կողմը պայմանավորվածություններ է ձեռք բերել ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ։ Կարմիր խաչն արդեն իր աշխատակիցներին վերադարձրել է Ղարաբաղ և նախատեսում է այդ տարածաշրջանում զգալիորեն ավելացնել նրանց` հասցնելով մինչև 400 մարդու: Դրա հետ մեկտեղ Կարմիր Խաչը կմեծացնի ֆինանսավորումը՝ հասցնելով մինչև 45 մլն շվեյցարական ֆրանկի:

«Փոխանակման համար պետք է մի շարք հարցեր լուծվեն, կողմերը պետք է շատ հստակ ցուցակներ ունենան։ Հուսանք` ԿԽՄԿ մասնագետների ներգրավմամբ գործը շատ ավելի արագ կընթանա։ Ռուս խաղաղապահներն ուժերի ներածին չափով կաջակցեն այդ աշխատանքին։ Օբյեկտիվ բարդություններ կան, բայց հույս ունեմ, որ դրանք ավելի արագ կլուծվեն», – հայտարարել է Լավրովը։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներովԱդրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա զինվորականներ և խաղաղ բնակիչներ։ Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում: Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել: