գլխավոր Գլխավոր Հովիկ Աղազարյանը պատրաստվում է դատի տալ ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանին

Հովիկ Աղազարյանը պատրաստվում է դատի տալ ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանին

Ինչպես խոստացել էի, հանգամանքները պարզելուց հետո ևս մեկ անգամ կանդրադառնամ ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանի հայտարարությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Օրերս հանդիպել եմ Տարոն Տոնոյանի կողմից հիշատակած անձնավորությանը՝ Կարեն Այվազյանին: Նա նոյեմբերի 25-ին վերադարձել է մարտական դիրքերից: Իր հետ զրուցելուց և բոլոր փաստաթղթերին ծանոթանալուց հետո ես համոզվեցի, որ նա լսել է իմ հորդորը, և Բերձորում իրեն թողնելուց հետո իր գործողություններն, իմ համոզմամբ, եղել են օրինականության շրջանակում:

Բերձորում բուժօգնություն և հետագայում Երևանում անհրաժեշտ բուժում ստանալուց հետո Կարեն Այվազյանը վերադարձել է մարտական դիրքեր:

Հարկ եմ համարում նշել նաև, որ Կարեն Այվազյանը չի մասնակցել Տարոն Տոնոյանի կողմից հիշատակած հանրահավաքին:

Տարոն Տոնոյանի հայտարարության վերաբերյալ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտարարության մեջ նշված փաստերն ուսումնասիրելու և իրավական գնահատական տալու համար:

Եթե Տարոն Տոնոյանը 5 օրվա ընթացքում հադես չգա հրապարակային հերքմամբ, պատրաստվում եմ դիմել նաև դատարան»,-գրել է Աղազարյանը:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 21-ին, Աղազարյանը գրել էր․

«Այսօր Ազատության հրապարակում ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը հայտարարել է, որ ես դիրքերից փախցրել եմ Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը:

Ես հազվադեպ եմ արձագանքում իմ հասցեին ուղղված տարաբնույթ հայտարարություններին, բայց սա այն դեպքն է, որ հաշվի առնելով Տարոն Տոնոյանի անցած ուղու նկատմամբ իմ խորին հարգանքը՝ չեմ կարող չարձագանքել:

Այո, հոկտեմբերի 2-ին ես եղել եմ Հադրութում, մասնավորապես՝ հոսպիտալում՝ իրեն փոխանցելու x կազմակերպության հավաքագրած բժշկական պարագաներ: Մնացած սննդամթերքն ու դեղորայքը պետք է տանեի այլ հասցեով: Հոսպիտալում եղած ժամանակահատվածում իր նշած անձնավորությունը, ում ես առաջին անգամ էի հանդիպում, ճանաչել է ինձ, կապվել Արարատի մարզի բնակիչներից մեկի հետ, ով ինձ զանգահարել է և խնդրել, որպեսզի օգնեմ նրան առողջական խնդիրների հետ կապված:

Ըստ իրեն՝ պայթել էր ստամոքսի խոցը: Նկատելով տվյալ անձնավորության ծանր հոգեբանական իրավիճակը՝ որոշեցի հասցնել նրան Ստեփանակերտի հոսպիտալ: Ճանապարհին նա խնդրեց, ոչ թե տանել իրեն Ստեփանակերտ, այլ Բերձոր և արդեն Բերձորում ինձ համար անակնկալ նա ասաց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան և ստուգվել իրեն բուժող բժիշկների մոտ: Ես խնդրեցի ցույց տալ բժշկական ուղեգիրն ու զինվորական գրքույկը և պարզվեց, որ երկուսն էլ բացակայում էին: Այդ պահին ես նրան ասացի, որ դու դասալքության ճանապարհին ես, իջեցրի մեքենայից և հորդորեցի ներկայանալ զինվորական մարմիններին:

Այժմ պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ անձն իմ օգնությամբ չի հատել անցակետը և ես խոստանում եմ հետամուտ լինել այդ անձի հետ կապված դեպքի հետագա զարգացումների բացահայտմանը»։