գլխավոր Իրադարձային «Իրանական միջուկային ծրագրի հայրը» սպանվել է 12 գործակալի կողմից. Daily Mail-ի մանրամասները`...

«Իրանական միջուկային ծրագրի հայրը» սպանվել է 12 գործակալի կողմից. Daily Mail-ի մանրամասները` Մոհսեն Ֆահրիզադեի աղմկահարույց սպանության վերաբերյալ

Հայտնի են դարձել միջուկային գիտնական, Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մանրակրկիտ գործողության մանրամասները՝ այս երկրի ղեկավարության կողմից պնդումների ֆոնին, որ սպանության ետևում կանգնած է Իսրայելը: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը` հղում տալով իրանցի լրագրող Մոհամադ Ահվազեի տվյալներին: Վերջինս վստահեցնում է, որ այդ տվյալները ստացել է իսլամական հանրապետության իշխանություններից:

Ֆահրիզադեն, որին անվանում են Իրանի միջուկային ռումբի ծրագրի «հայր», գնդակահարվել է ուրբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին: Գործողության վերջին փուլում ներգրավված է եղել 12 գործակալ, որոնց Ահվազեն անվանում է «բարձր որակավորում ունեցող մարդասպաններ»: Զինյալները, որոնց շարքերում 2 դիպուկահար կար,  կազմում էին 62 հոգանոց դավադիր խմբի մի մասը: Իրանցի լրագրողը նշում է, որ մնացած 50 հոգին պատասխանատու էին նյութատեխնիկական ապահովման համար:

Ֆահրիզադեի մեքենայի վրա  հարձակումը տեղի է ունեցել Թեհրանից 80 կմ հյուսիս-արևելք գտնվող Աբսարդ քաղաքի մոտակայքում: Հարձակումը պլանավորված է եղել օղակաձև ճանապարհի մոտակայքում ՝ քաղաք տանող խիտ անտառածածկ բուլվարի ներքևի հատվածում:

«Լիկվիդացիոն խումբը» երկար ժամանակ ուսումնասիրել էր միջուկային գիտնականի աշխատանքային գրաֆիկը, նրա շարժման ուղիները և իմացել էր, որ նա ուրբաթ օրը պատրաստվում է Թեհրանից Աբսարդ գնալ: Մոտ 10 000 բնակչություն ունեցող քաղաքում շատ հարուստ թեհրանցիներ երկրորդ տուն են ձեռք բերել, և 59-ամյա Ֆահրիզադեն (այլ աղբյուրների համաձայն, նա 62 տարեկան էր), այնտեղ առանձնատուն ուներ:

Դարանակալման վայրում նրան սպասում էր Hyundai Santa Fe մեքենան ՝ 4 ուղևորով, 4 մոտոցիկլավարով և երկու դիպուկահարով ՝ ականապատված Nissan փիկապի հետ միասին: Ուղեկցորդներով եկող Ֆահրիզադեի մեքենայի ժամանումից կես ժամ առաջ`(գիտնականին ուղեկցում էր ընդամենը 3 փամփուշտազերծ մեքենա) տարածքում էլեկտրականությունն անջատվել է: Ֆահրիզադեի մեքենան ավտոշարասյան կենտրոնում էր: Երբ նրան ուղեկցող երրորդ մեքենան անցել է «լիկվիդացիոն թիմի» կողմից կանխորոշված կետը, ճանապարհին կանգնած Nissan-ը պայթեցվել է:

Պայթյունի ուժն այնքան զգալի է եղել, որ ճանապարհի էլեկտրական սյուները վնասվել էին, և անցնող մեքենաների բեկորները ցրվել են շուրջ 300 մետր շառավղով:

Երկրորդ մեքենան, որում գտնվում էր Ֆահրիզադեն, այնուհետև գնդակահարվել է 12 հատուկ գործակալի, այդ թվում ՝ երկու դիպուկահարի կողմից: Կատաղի փոխհրաձգություն է սկսվել գիտնականի թիկնապահների ու հարձակվողների միջև:

«Մարդասպանների խմբի հրամանատարը Ֆահրիզադեին դուրս է հանել իր մեքենայից, գնդակահարել և համոզվել, որ նա սպանված է»,-պնդում է Ահվազեն՝ հավելելով, որ հանցագործները անհետացել են դեպքի վայրից ՝ իրենց շարքերում կորուստներ չունենալով:

Մոհսեն Ֆահրիզադեն ոստիկանական ուղղաթիռի միջոցով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա ստացած վիրավորումներից մահացել է ոչ թե հարձակման վայրում, այլ բժշկական հաստատությունում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։

Tert.am