գլխավոր Իրադարձային Սոցիոլոգները պարզել են ռուսաստանցիների կարծիքն արցախյան հակամարտության վերաբերյալ

Սոցիոլոգները պարզել են ռուսաստանցիների կարծիքն արցախյան հակամարտության վերաբերյալ

Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը (91%) գիտի կամ ինչ-որ բան է լսել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական հակամարտության մասին,  նրանցից  69%-ը կարծում է, որ իրավիճակը կարգավորվել է Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ:

Այս մասին են վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած սոցհարցման տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Միևնույն ժամանակ, ԼՂ հակամարտության մասին իմացող կամ ինչ-որ բան լսած մարդկանց 48%-ը պատասխանել է, որ տեղյակ է արցախյան վերջին պատերազմի՝ վերջերս հայտարարված ավարտի մասին, նրանց 32%-ը ինչ-որ բան է լսել այդ մասին, 12%-ն այդ մասին լսում է առաջին անգամ:

Հակամարտությունից տեղյակ հարցված անձանցից 58%-ը կարծում է, որ կողմերից ոչ մեկին չի կարելի հաղթող համարել, 14% -ը հաղթող է համարում Ադրբեջանին, 1%-ը` Հայաստանին: 19%-ը դժվարացել է պատասխանել հարցին:

Ինչ  վերաբերում է խաղաղապահներին, ապա հարցվածների5 7%-ը դրական է գնահատել նրանց տեղակայումը ԼՂ-ում, իսկ 25%-ը՝ բացասական: Եվս 1%-ն ասել է, որ անտարբեր է այդ հարցին:

Համառուսական հեռախոսային սոցհարցումն անցկացվել է նոյեմբերի 20–22-ը, ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է հազար մարդ: