գլխավոր Իրադարձային Axios-ը հայտնել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության նպատակը

Axios-ը հայտնել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության նպատակը

Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության նպատակը կարող է լինել իսլամական հանրապետության և ԱՄՆ-ում նոր վարչակազմի միջև միջուկային համաձայնագրի վերականգնումը բարդացնելը: Այս մասին գրում է Axios պորտալը:

«Ֆահրիզադեի սպանությունը թվում է, թե մասն է այն բանի, ինչը փորձում են անել Թրամփի վարչակազմն ու Նեթանյահուի կառավարությունը` օգտագործելով Թրամփի՝ նախագահի պաշտոնում մնացած ժամանակը` Իրանի վրա ճնշում գործադրելու համար, քանի դեռ ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը չի ստանձնել երկրի ղեկավարի լիազորությունները: Թրամփի վարչակազմը չի թաքցնում Բայդենի կողմից `Իրանի հետ բանակցությունները վերսկսելու և 2015 թվականի միջուկային գործարքին վերադառնալու գործընթացը բարդացնելու իր ցանկությունը: Պատժամիջոցները, գաղտնի գործողությունները և ռազմական հարվածի սպառնալիքները այս ջանքերի մի մասն են»,-ասված է պորտալում հրապարակված հոդվածում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։