գլխավոր Իրադարձային Բուենոս Այրեսում Դիեգո Մարադոնայի հրաժեշտի արարողության ժամանակ անկարգություններ և բախումներ են սկսվել....

Բուենոս Այրեսում Դիեգո Մարադոնայի հրաժեշտի արարողության ժամանակ անկարգություններ և բախումներ են սկսվել. քաղաքապետը մեղադրում է երկրպագուների խմբերին

Արգենտինայի քաղաքապետ Օրասիո Լարրետան երկրի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող և մարզիչ Դիեգո Մարադոնայի հոգեհանգստի արարողության ժամանակ տեղի ունեցած անկարգությունների և բախումների մեջ մեղադրել է երկրպագուների խմբերին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Մեզ համար բռնությունը գիծ է, որը չի կարելի հատել: Երբ, ինչպես երեկ տեսանք, ֆուտբոլի ագրեսիվ երկրպագուների խումբը սկսում է քարեր և շշեր նետել իրավապահների և սովորական մարդկանց ուղղությամբ, ոստիկանությունը միշտ կգործի, ինչպես և երեկ, արգենտինացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Լարրետան ընդգծել է, որ քաղաքի իշխանությունները միշտ պատրաստ են օգնել դաշնային կառավարությանը կարգուկանոնն ապահովելու և քաղաքային ոստիկանությանն ուժեր տրամադրելու համար: «Մենք ցավում ենք, որ արգենտինացիների համար նման ցավալի օրը քաղաքականացվեց»,- ընդգծել է քաղաքապետը:

Հինգշաբթի Բուենոս Այրեսում գտնվող նախագահական նստավայրում տեղի ունեցավ Մարադոնայի հրաժեշտի արարողությունը: Այդ ընթացքում քաղաքի կենտրոնում սկսվեցին բախումներ և անկարգություններ: Մարադոնայի ընտանիքի խնդրանքով հրաժեշտի արարողությունն ավարտվել է ժամանակից շուտ:

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի նախկին խաղացող ու գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հուղարկավորվել է Բուենոս Այրեսից 35 կմ հեռավորության վրա գտնվող Բելլա-Վիստա գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստի ծնողները, հաղորդում է ТАСС-ը:

Հուղարկավորության արարողությունն անցկացվել է նեղ շրջանակի մասնակցությամբ:

Մարադոնային վերջին հրաժեշտ էին տվել Բուենոս-Այրեսում` նախագահական պալատում: 

Վերջին անգամ պալատում հոգեհանգստի արարողություն տեղի է ունեցել 10 տարի առաջ, երբ մահացել էր երկրի նախկին նախագահ Նեստոր Կիրշները: