գլխավոր Իրադարձային Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նախարարները շնորհավորանքներ են փոխանակել արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարումը ստանձնելու և այդ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով առավել ամրապնդել հայ-մոլդովական հարաբերությունները և հարստացնել երկկողմ օրակարգը։ Զրուցակիցները  կարևորել են տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը: 

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և իր կողմից հովանավորյալ ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: 

Հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատել է, որ Հայաստանի համար մնում է առաջնահերթություն Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք և արդար իրացումը: Արա Այվազյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ: 

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների համագործակցության շուրջ։