գլխավոր Քաղաքականություն Հայկ Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին պարզաբանումներ չի ներկայացրել. պատգամավորի նկատմամբ վարույթ չի...

Հայկ Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին պարզաբանումներ չի ներկայացրել. պատգամավորի նկատմամբ վարույթ չի հարուցվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ չի հարուցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ: Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է հանձնաժողովը:

Նոյեմբերի 17-ին հանձնաժողովը պատգամավոր Սարգսյանի 2018 և 2019 թվականների եկամուտների ու գույքի տարեկան հայտարարագրերի վերլուծության արդյունքները ներկայացրել է վերջինիս` 10-օրյա ժամկետում գրավոր պարզաբանումներ ստանալու պահանջով: Սակայն 10 օր անց հանձնաժողովը Հայկ Սարգսյանից որևէ պարզաբանում չի ստացել:

Այս տարվա հուլիսի 31-ին կայքը գրել էր այն մասին, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն ապօրինի է շահագործում Սպիտակ Շորժա հանգստի գոտին: Հանձնաժողովից հետաքրքրվել էինք` արդյոք պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցվել է, և արդյոք ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ հանգստի գոտու փաստացի շահագործումը պատգամավորի կողմից է իրականացվել: Հանձնաժողովը պատասխանել էր, որ այս պահին բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել հանգստի գոտու շահագործման առնչությամբ, հետևաբար Հայկ Սարգսյանի նկատմամբ ներկա դրությամբ վարույթ չի հարուցվել:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը պատգամավոր Հայկ Սարգսյանի եկամուտների հայտարարագրի, հնարավոր անհամատեղելիության և այլ սահմանափակումների վերաբերյալ ուսումնասիրություն էր սկսել օգոստոսին: Ուսումնասիրության շրջանակում վերջինս հրավիրվել էր հանձնաժողով: