
Երկու ամիս առաջ այս օրը Ադրբեջանը Թուրքիայի եւ Սիրիայի ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակվեց Արցախի վրա: Սկսվեց պատերազմը, որի արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց հսկայական տարածքներ, մի քանի հազար զոհ:
Այսօր նահատակվածների շիրիմների առաջ խոնարհվելու նպատակով Եռաբլուր էին այցելել Ղրիմի երկրապահները՝ղեկավար Արմեն Մարտոյանի ղեկավարությամբ: Նրանց միացել էին ՍԻՄ կուսակցությունը, հարյուրավոր զինվորականներ, կամավորականներ, քաղաքացիներ:
Արմեն Մարտոյանը Aravot.am-ին ասել է. «Այս պատերազմից մեր զգացողությունները նույնն են, ինչ ամբողջ հայ ժողովրդինը: Մեր տղաներին ուղարկեցին պատերազմ, որը, չեմ կարողանում հասկանալ՝ նախապատրաստված դիվերսիա՞ էր ներքին եւ արտաքին թշնամիների կողմից, թե՞ դավաճանություն, որը ժողովուրդը չի կարողանում ընկալել: Եթե մի շարք նորմալ մարդիկ չեն հասկանում երեւույթի էությունը, դա նշանակում է՝ ոչ թե այդ մարդիկ են բութ, այլ այդ երեւույթն է տարօրինակ: Եվ հենց այդ երեւույթի մեջ պիտի փնտրվի այդ գաղտնիքը: Ինչ եղել, արդեն անցել է: Բայց ես համոզված եմ, որ սա կատարողները պետք է պատասխան տան բարձր դատարանի առաջ: Անպայման:
Պատերազմն անակնկալ չի եղել: Մի բան ասեմ. իմ հետ կապվել է Քուրդիստանի գեներալ, անունը չեմ հնչեցնի, եւ ասել, որ կես տարի առաջ ինքը Հայաստանի տղաներին, այսինքն, ղեկավարությանը զգուշացրել է, որ ԻԳԻԼ-ի՝ մոտ երկու հազար ծառայողների հավաքագրում են Ադրբեջան: Եվ նա զարմանքով հարցնում էր, թե մի՞թե Հայաստանում չհասկացան, թե ինչ է կատարվում: Նույնը, երբ Ադրբեջանում Թուրքիայի զորքերի հետ համատեղ զինավարժությունները սկսվեցին, մենք արդեն պիտի հայտարարեինք, որ մեր դեմ պատերազմ է նախապատրաստվում: Իսկ պատերազմի ժամանակ լեզվով չեն բլա-բլա անում, այլ գործողություններ են կատարում, որպեսզի մեր տանկերն ու հրանոթները բաց չլինեն անօդաչուների՝ օդից իջնող արկերի տակ: Այս մասին էլ չեմ ուզում շարունակել: