գլխավոր Իրադարձային Հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանում հայտնված գերիների թիվն ավելին է, քան պնդում է...

Հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանում հայտնված գերիների թիվն ավելին է, քան պնդում է պաշտոնական Բաքուն․ Հետք

Ադրբեջանական գերության մեջ հայտնված (նույնականացված) հայ գերիների թիվը չի համընկնում պաշտոնական Բաքվի թվերի հետ:

Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը: Քաղաքական մեծամասնության պատգամավորը հիշեցնում է` նոյեմբերի 10-ին հրապարակված հայտարարության մեկ կետը վերաբերում է գերիների փոխանակմանը, ընդ որում` բոլոր գերիներին` անկախ նրանից, թե որքան են հաշվարկել Հայաստանում, որքան` Ադրբեջանում:

Հայկական կողմի տվյալներով` հայ գերիների թիվն ավելին է, քան պնդում է Ադրբեջանը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները չեն կարողացել տեսակցել որոշ գերիների, պաշտոնական Բաքուն պնդում է` նման գերիներ չունի:

«Ճիշտ է, սխալներ երբեմն լինում են նույնականացումների հարցում: Ծնողներից մեկը, ում որդին հուղարկավորված էր, տեսանյութերից մեկում տեսել էր մեկ տղայի` ասելով` իմ տղան է: Եկել, մեզ էր դիմել, սակայն պարզեցինք, որ նկարով պարզապես նման են, այդ տղայի ծնողներին հանդիպեցինք, որոնք արդեն դիմել էին հանձնաժողով»,-պատմեց պատգամավորը:

Նրա խոսքով` բավական մեծ թվով անհետ կորածներ ևս կան, որոնցից յուրաքանչյուրի ծնողը լիահույս է, որ որդին ողջ է:

Անհետ կորածների հայտնաբերման առնչությամբ երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում,  որոշակի  առաջխաղացում կա հատկապես Հադրութի շրջանում: Հայկական կողմի համար, սակայն, անհասանելի որոշ տեղանքներ կան, ինչպես Ջաբրայիլի, Ֆիզուլիի հատվածներում: Այստեղ էլ հայկական կողմը ռուս խաղաղապահների օգնությանն է դիմում:

Պատգամավորը հայտնեց, որ ՊՆ-ն ունի քարտեզագրված տվյալներ, թե որ տարածքում ինչ քանակի զոհվածներ կան, գիտեն, օրինակ, որ հատվածում ինչ ջոկատ է եղել, և այժմ նման տարածքներում որոնողական աշխատանքներ են իրականացվում: Որոշակի տեղեկություններ հաղորդում են նաև զինծառայողների ծնողները, որ հայկական կողմի վերահսկողությունից դուրս ինչ-որ անտառներում ողջ զինծառայողներ կան:

«Բայց այդ տվյալները չենք կարող փոխանցել որևէ միջազգային կառույցի, որովհետև ռիսկի տակ ենք դնում այդ մարդկանց, միջազգային կառույցը կարող է արդբեջանական կողմին փոխանցել այդ տեղեկությունը, և այս դեպքում վտանգում ենք վերջիններիս կյանքը»,-ասաց նա:

Այն գերիները, որոնք իդենտիֆիկացվել են, և Ադբեջանն ընդունել է վերջիններիս գերի լինելու հանգամանքը, նրանց ԿՄԽԿ-ի ներկայացուցիչներն արդեն տեսակցել են: Նրանց շարքում կան և’ զինծառայողներ, և’ քաղաքացիական անձինք:

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի միջնորդության արդյունքում այսօր պետք է որոշակի թվով գերիների փոխանակման ժամանակացույց տրամադրվի:

Քաղաքական մեծամասնության պատգամավորը վստահեցնում է`գերիների փոխանակման հարցը Կառավարության առաջնահերթությունն է: Նրա խոսքով` վարչապետն ինտենսիվ կապի մեջ է ՌԴ նախագահի հետ հենց այս հարցով: Քննարկում է մեթոդներ, որոնք թույլ կտան այս բանակցային գործընթացում հստակեցնել փոխանակման ժամկետներ:

Նազելի Բաղդասարյանը, սակայն, ցավով նշեց` հայտնի հայտարարության տեքստում, չնայած տարածքների հանձնման հստակ ժամկետներ կան, բայց գերիների փոխանակման հարցում ժամկետներ չկան: Այս հանգամանքը Նազելի Բաղդասարյանը չցանկացավ մեկնաբանել:

Պատգամավորը նաև ընդգծեց` հայտարարության մեջ հստակ ֆիքսված է` գերիների քանակը կարևոր չէ, պետք է լինի երկու կողմերի բոլոր գերիների փոխանակում:

Բաղդասարյանը նաև հավելում է գերիներին առնչվող տեղեկատվությունը զգուշավորությամբ պետք է հաղորդել, քանի որ ցանկացած ինֆորմացիա, որը համացանցում հայտնվում է, ադրբեջանական կողմն օգտագործում է Հայաստանի դեմ:

Պատգամավորը նաև դիմել է Ազգային անվտանգության ծառայություն` գերիներին առնչվող համացանցում հայտնված տարբեր տեղեկատվությունների ծագումնաբանությունը պարզելու նպատակով` հասկանալու այն կեղծ է, թե ադրբեջանական կողմն է գեներացնում:

«Գերիների թեման նուրբ է, և անգամ քաղաքական նպատակներով կարող է շահարկվել»,-ասաց նա:

Ադրբեջանում սպասվող ռազմական շքերթի մասին քննարկումները, որին պետք է մասնակցեին նաև հայ գերիները, ըստ պատգամավորի ունեցած տեղեկությունների, կեղծ են: