գլխավոր Քաղաքականություն ՄԻՊ-ի նկատմամբ անձնական հաշվեհարդարի սպառնալիքների փաստի առթիվ ՔՈԳՎ-ում նյութեր են նախապատրաստվում

ՄԻՊ-ի նկատմամբ անձնական հաշվեհարդարի սպառնալիքների փաստի առթիվ ՔՈԳՎ-ում նյութեր են նախապատրաստվում

Նոյեմբերի 20-ին չինական տարբերանշաններով, սև հագուստներով դիմակավորված իբր ոստիկանների՝ ցույցերը ցրելուն ներգրավված լինելու մասին տեղեկատվությունը շատ արագ տարածվեց:

Ոստիկանությունն էլ շտապեց պարզաբանել, թե քանի որ ոստիկանները մեկնել էին ռազմաճակատ, նրանց հագուստները մաշվել էին, իսկ նորերը պահեստից հանելուց հետո հայաֆիկացնելու ժամանակ չի եղել, դրա համար էին ոստիկաններն այդ հագուստներով:

Հարցին անդրադարձավ նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ նշելով, որ Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ՝ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի:

«Դա նախևառաջ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հավաքների ընթացքում ոստիկանական ծառայողներին հնարավոր լինի հստակ և անհատապես նույնականացնել: Դրանից բացի, դա Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր որևէ տեսակի վատ վերաբերմունք թույլ չտալու երաշխիք է: Ավելին, այս պրակտիկան կարող է դժվարացնել ենթադրյալ իրավախախտների անհատականացումը վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ կամ տեղեկություններ քննելիս»,- իր հայտարարության մեջ ասել էր ՀՀ ՄԻՊ-ը:

Հենց այդ հայտարարությունը սաստկացրեց ՄԻՊ նկատմամբ սկսված նպատակաուղղված հարձակումները, և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին անձնական հաշվեհարդարով սկսեցին սպառնալ «Հեղափոխության պահապաններ» խմբի կամ խմբավորման անդամները ու դա անել անթաքույց, առանց մտահոգվելու, որ կարող են դրա համար պատասխանատվություն կրել:

168.am-ը հանգամանորեն անդրադարձել էր այս թեմային ու դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ի՞նչ դիրքորոշում ունի իրավապահ այդ կառույցը այս գրառումների վերաբերյալ:

«Նյութերն ուղարկվելու են Ոստիկանություն: Դատախազությունն անպայման ընթացք կտա այս մեկնաբանություններին»,- ասել էին Գլխավոր դատախազությունից:

Ոստիկանությունից փորձեցինք պարզել, թե արդյո՞ք ստացել են ՄԻՊ նկատմամբ սպառնալիքի վերաբերյալ նյութերը գլխավոր դատախազությունից, և ո՞ր փուլում է գործը հիմա:

«Նյութերը ստացել ենք, հրապարակման հիման վրա այս պահին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում»,- ասացին մեզ ոստիկանությունից: