գլխավոր Գլխավոր Ադրբեջանցի զինվորականները Սոթքի հանքում են (տեսանյութ)

Ադրբեջանցի զինվորականները Սոթքի հանքում են (տեսանյութ)

Համացանցում օգտատերերը ահազանգում են, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայր և մեկ ժամ ժամանակ են տվել հեռանալու համար։

Խնդրի մասին ահազանգեց նաև Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Հենց նոր տեղեկացրեցին , որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։

Էտ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում , ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը ։

Պատկան մարմիններ արձագանքեք»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անպատասխան էր մնացել Սոթքի հանքի վերաբերյալ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցը։

Նա ասել էր. «Հայտնի փաստաթղթից հետո Քարվաճառի շրջանը, երբ ամբողջությամբ դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջան, խնդիր է առաջանում Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում տեղակայված ոսկու հանքի հետագա գործունեության  մասով»:

Պատգամավորը հարցրել էր՝ ի՞նչ է սպասվում հանքի ճակատագրին, ի՞նչ է լինելու հանքում աշխատող մարդկանց հետ. «Այս հարցը տալիս եմ, որովհետև հանքի տարածքի մի մասը գտնվում է Քարվաճառի շրջանում»,- ասել էր «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորը: 

Կառավարության անդամներից ոչ ոք չէր պատասխանել հարցին, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նշել էր, թե պատգամավորի հարցին Կառավարությունը կպատասխանի գրավոր: