գլխավոր Գլխավոր Բերձորի բնակիչներին հորդորում են տարհանվել անվտանգության նկատառումներից ելնելով. Hetq

Բերձորի բնակիչներին հորդորում են տարհանվել անվտանգության նկատառումներից ելնելով. Hetq

Բերձորում բնակիչներից ահազանգեր ենք ստանում, որ իրենց հրահանգում են տարհանվել։ Ֆեյսբուքյան տարբեր խմբերում ևս ակտիվ քննարկվում է Բերձորը Ադրբեջանին հանձնելու լուրը։ Այս պահին Բերձորով (Լաչինով) է անցնում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը եւ Հայաստանը Արցախին կապող միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ

Պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության համաձայն՝  Լաչինի շրջանը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը պիտի անցնի Ադրբեջանին։ Կառավարության հրապարակած՝ Ադրբեջանին հանձնվելիք համայնքների ցանկում, սակայն, Բերձոր քաղաքը ներառված չէ։

«Հետքը» կապ հաստատեց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանի հետ։ Վերջինս նշեց, որ բնակիչները տարհանվում են անվտանգության նկատառումներից ելնելով։ Ալավերդյանն ասաց, որ Բերձորում փոքրաթիվ հայկական վարչական իշխանություն շատ հնարավոր է, որ լինի, բայց ցանկալի է, որ քաղաքացիական բնակչություն չլինի, Բերձորի հետագա կարգավիճակի մասին տեղեկություն դեռևս հայտնի չէ։

Հարցին` պատերազմը դադարեցնելու մասին նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն ադրբեջանական կողմին հանձնվող տարածքների մեջ արդյոք նշվա՞ծ էր Բերձորը, վարչակազմի ղեկավարը պատասխանեց, որ չի ընթերցել համաձայնագիրը և չգիտի՝ Բերձորը կա՞ ցանկում, թե ոչ։

«Բերձոր քաղաքի բնակիչները տարհանվում են իրենց ցանկությամբ ու, մեծ հաշվով, միմիայն իմ պատասխանատվությամբ։ Հաշվի առնելով հարավային կողմի ցավալի փորձը՝ ես մեր բնակիչներին խորհուրդ եմ տալիս, որ տարհանվեն»,֊ասաց նա։

Ալավերդյանի հավաստմամբ, բնակիչների տեղահանում կատարվում է անվտանգության նկատառումներից ելնելով։ Տարածքում ադրբեջանցիներ չեն լինելու, բայց քանի որ մեծաթիվ զորք ու ուժային կառույցներ Բերձորում չեն լինի, 2.5 կմ հեռավորությունը շատ վտանգավոր է խաղաղ բնակչության ապրելու համար։

Նա ասաց նաև, որ բնակչությանը տեղեկացրել է տարհանման մասին բոլոր հնարավոր միջոցներով։

Պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար զանգահարել ենք նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանին, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին, պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, բայց մեր բոլոր զանգերը մնացել են անպատասխան։

Կամավորական հիմունքներով Արցախից տեղահանված բնակիչների իրերը տեղափոխելու աշխատանքների մասնակիցներից Հակոբ Միկոյանը մեզ պատմեց, որ նոյեմբերի 23֊ին է վերադարձել է Բերձորից՝ իր հետ բերելով բնակիչներին և իրենց գույքը։  Այս պահին էլ նա Բերձորի ճանապարհին է։ Նրա փոխանցմամբ՝ բնակիչներին հորդորել են տեղահանվել։ Հակոբը նշեց, որ բնակիչների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ Բերձորը դադարելու է լինել հայկական, և որ վարչական տարածքը ևս ղեկավարելու են ադրբեջանցիները։