գլխավոր Իրադարձային Բաբկեն Թունյանը մեկնաբանել է գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը

Բաբկեն Թունյանը մեկնաբանել է գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը մեկնաբանել է գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը: Թունյանը նման տեսակետ է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Պատգամավորը հիշեցրել է, որ որևէ մեկը չի ասել, թե կադրային փոփոխություններով պետք է ետ բերվեն կորսված հողերը: «Կադրային փոփոխութունները նրա համար են, որ թարմ շունչ հաղորդվի»,-ասել է նա ու հավելել, որ տնտեսությունն ու մնացած համակարգերը պետք է նորմալ աշխատեն:

Թունյանը նաև շեշտել է, որ կոնկրետ ոլորտների հետ կապված կային կոնկրետ դժգոհություններ: «Կային նաև ոլորտներ, որոնցում ինքներս ենք գտել, որ նոր շունչ ու նոր մոտեցում է պետք: Խնդիրը ոչ թե անձերն են, այլ ծրագրերն ու գաղափարները»,- նշել էպատգամավորը:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված 6 ամիսը հենց այն ժամանակահատվածն է, որ նոր կադրային պոտենցիալով պետք է արդյունքներ ցույց տան: «Կանցնի այդ ժամանակահատվածը, կամփոփենք ու կտեսնենք, թե եղա՞ն այդ արդյունքները, այս կադրային փոփոխություններն ինչքանո՞վ էին արդյունավետ: Կադրային փոփոխություններն ուղղակիորեն կապել Արցախի հողերի խնդրի հետ, կարծում եմ, տեղին չէ»,- ասել է Թունյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը:

Վերջին օրերին փոփոխություններ են տեղի ունեցել գործադիրի կազմում: Փոխվել են մի շարք նախարարներ, փոխնախարարներ: