գլխավոր Գլխավոր Արցախցիները պետք է հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն․ Փաշինյան

Արցախցիները պետք է հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն․ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց կառավարության ծրագրերը, որոնք ուղղված են արցախցիների աջակցությանը:

Այսպիսով՝ նա նշեց, որ երկու ծրագիր է իրականացվում, որոնցից մեկով 68 հազար դրամի աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր արցախցու, և արդեն 30 հազար քաղաքացի ունի հաստատած դիմում:

Նա տեղեկացրեց, որ երկրորդ ծրագրով՝ այն բնակավայրերը, որոնք Արցախի վերահսկողությունից դուրս են գտնվում, դրանց բնակիչները կստանան 300 հազար դրամի չափով օժանդակություն: Բացի այդ, այս պահին բնակավայրը կորցրածների կեցությունը ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ շահառուներ են ոչ թե ընտանիքները, այլ անձինք, և մեկ ընտանիքից մի քանի հոգի կարող են միջոցառման շահառու լինել: «Մենք առաջիկայում կքննարկենք և կընդունենք միջոցառում բնակավայրից զրկված քաղաքացիների համար, և ոչ թե ընտանիքները, այլ անհատները կլինեն շահառու, հույս ունեմ, որ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ կիրականացնենք  հաշվառումը, որ ծրագիրը ճիշտ գործի»,-ասաց նա և հայտնեց, որ առաջիկայում աջակցության ծրագրերը կշարունակվեն:

«Այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն, սա է լինելու բովանդակությունը այդ ծրագրերի»,-ասաց նա: