գլխավոր Իրադարձային Ինչ պատահեց և ինչու․ Ժիրայր Լիպարիտյանի վեց թեզերը

Ինչ պատահեց և ինչու․ Ժիրայր Լիպարիտյանի վեց թեզերը

Հայաստանի առաջին նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը Mirrorspectator.com կայքում ծավալուն հոդված է հրապարակել ղարաբաղյան հակամարտության և վերջին պատերազմի մասին։

Մենք ապրում ենք մեր պատմության բարդագույն փուլերից մեկը։ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը մեր բանակը կատաղի պատերազմ մղեց և ծանր պարտություն կրեց՝ ահռելի հետևանքներով։

Նախքան այս մութ թունելից ելք գտնելը, ավելի ճիշտ՝ որպեսզի մի ելք գտնենք, պետք է նախ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Եվ մենք պետք է հաշտվենք դրա հետ, ընդունենք դա։ Իմ շատ գործընկերներ առաջարկել են իրենց պատասխանները։ Սա իմ ներդրումն է այս քննարկման մեջ։

1․ Հայաստանը, Արցախը և Հայկական աշխարհը պատմական չափերի կորուստ են ունեցել։

-Մենք պարտվեցինք պատերազմում, որից պետք է ամեն գնով խուսափեինք, պատերազմ, որը մենք չէինք կարողանա հաղթել։

– Մեր ժողովրդի ևս մեկ հատված կորցրեց իր տոհմական օջախները և հավաքականորեն ապրելու հնարավորությունը։

– Կորցրինք երիտասարդների մի ամբողջ սերունդ՝ մեր ամենաթանկ արժեքներից մեկը։

– Կորցրինք տարիներ շարունակ Արցախում ներդրված մարդկային և ֆինանսական կապիտալը։

– Մեր վարչապետը չի հասել երեք նպատակներին, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար դրել էր իր առջև․

ա․ Արցախի ղեկավարությանը բանակցությունների սեղանի շուրջ բերելը,

բ․ Որևէ որոշման ընդունումը՝ հակամարտության մեջ ներգրավված բոլոր երեք՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների կողմից հավանություն ստանալու պայմանը,

գ․ Հնարավորությունը թեկուզ հեռավոր ապագայում Ղարաբաղի անկախությունն ապահովելու։

– Մենք կորցրել ենք մեր ինքնավստահությունը, լավատեսությունը և մինչ այս եղած ձեռքբերումներից շատերը։ Գուցե նույնիսկ կորցրել ենք հավատը ժողովրդավարության հանդեպ։ Մենք տրավմա ունեցող ժողովուրդ ենք, որը լիովին պատրաստ չէ ընդունել այն, ինչ տեղի է ունեցել, և ինչու:

– Մենք կորցրինք մեր անկախության և ինքնիշխանության ևս մեկ կտոր։

2020 թ. նոյեմբերի 10-ի զինադադարի համաձայնագիրը և նախագահ Պուտինի՝ հաջորդիվ արած հայտարարությունները պարզ ցույց են տալիս, որ հենց Հայաստանն է խոսում Արցախի անունից։ Պարզ չէ անգամ, թե Հայաստանն ի՛նչ ձայն կունենա իրադարձությունների ապագա ընթացքի որոշման մեջ։ Ինչևէ, բոլոր շահագրգիռ կողմերի աչքում Հայաստանը սահմանվում է որպես կողմ, որը պատասխանատվություն է կրել և կրելու Արցախում ցանկացած բանի և ամեն ինչի համար։

2. Պարտությունից հետո մենք շփոթված ենք և ականատես ենք շփոթության մեր շուրջը 

Մի կողմից, մեզ համակել է թերահավատությունը, դավաճանված լինելու զգացումը, և վստահ չենք՝ կարո՞ղ ենք հավաքել թվացյալ կոտրված աշխարհի բեկորները: Մյուս կողմից՝ մենք իրար ռմբահարում ենք փոխադարձ մեղադրանքներով, ճառերով ու հայտարարություններով, որոնց նպատակն է մեր արած սխալների մեջ գտնել ուրիշ մեղավորի՝ մեր գործողությունների ու խոսքերի արդարացումներով ու հիմնավորումներով, արդարացումներ, թե ինչու պատերազմն անխուսափելի էր, և ինչու պարտությունը պարտություն չէ, ու վրեժի կոչերով։

Արկածախնդիրները, օպորտունիստներն ու գերհայրենասերները համընդհանուր ցուցադրության են նետում իրենց ունեցած ամեն ինչ՝ պատերազմի ժամանակ արված ամենափոքր սխալից մինչև դավադրության ամենաանհավանական տեսություններ; անխոհեմ որոշումների, վախկոտության և դասալքության մեղադրանքներից մինչև գիլյոտինի արժանի դավաճանություն։

Վերջապես, մենք կասկածներ ունենք, թե արդյոք կենտրոնանում ենք այն բաների վրա, որոնք այժմ էական են։ Մենք այլևս չենք վստահում մեր ունակություններին՝ իմանալու, թե արդյոք ճիշտ հարցադրումներ ենք անում, էլ չենք խոսում այն մասին, թե արդյոք ունենք ճիշտ պատասխաններ՝ ինչպես գնահատել այն ուղին, որը մեզ հասցրել է այստեղ, և ինչ անել ապագայում։

3. Մենք դեռ շարունակում ենք հարցնել, թե ինչու ենք հայտնվել այստեղ։ Ինչպե՞ս կարողացանք պարտություն կորզել հաղթանակի երախից։ Ի՞նչը սխալ գնաց։

Մինչ օրս «ինչը սխալ գնաց» հարցին պատասխանելու փորձերի մեծ մասը կենտրոնացած է եղել պատերազմի ժամանակ սխալների և սխալ հաշվարկների, դիվանագիտության անհաջողությունների վրա։ Շատերը նաև մեղադրում են անձամբ վարչապետին։

Նման պատասխանները մեզ բերել են այնպիսի լուծումների, ինչպիսիք են՝ ա) պահանջել վարչապետի հրաժարականը, բ) մերժել հրադադարի մասին նոյեմբերի 10-ի համաձայնագիրը կամ փորձել փոխել այն, գ) էլ ավելի պնդել Արցախի անկախության միջազգային ճանաչումը, դ) շտկել պատերազմի վարման հետ կապված սխալները, որպեսզի պատրաստվենք մարտական գործողությունների նոր փուլի և այս անգամ այլ ելք ակնկալենք, որպեսզի վերականգնենք նախկին ստատուս քվոն։

Հավանաբար, շատ բաներ կան, որոնք կարելի էր այլ կերպ անել պատերազմի նախապատրաստման և վարման ժամանակ, բայց կասկածելի է, որ արդյունքն էապես այլ կլիներ: Փորձագետները, հանձնաժողովները և պատմաբանները դեռ երկար կվերլուծեն այդ անհաջողությունները և, հավանաբար, միասնական կարծիքի չեն հանգի, թե ինչն է սխալ եղել:

Այդ պատասխաններից ոչ մեկը առանձին-առանձին կամ միասին վերցրած բավարար պատասխան չի տա մեր ունեցած հիմնարար խնդրին։

4. Մենք պարտվեցինք, որովհետև ավելի քան երկու տասնամյակ մեր առաջնորդները իրականության երեսին նայելու փոխարեն իրենց դատողությունները հիմնեցին գաղափարական, քաղաքական, կուսակցական և անձնական նկատառումների վրա։ Մենք պարտվեցինք, քանի որ հրաժարվեցինք ուժերի հավասարակշռության փոփոխություն տեսնել, ընդունել, որ ժամանակը մեր օգտին չէ։ Մենք լավ ինքնազգացողությունը շփոթեցինք ռազմավարական մտածողության հետ։

Կոնկրետ վարչապետ Փաշինյանի դեպքում մենք պետք է հաշվի առնենք երկու գործոն.

ա) Նրա ազնիվ, բայց միանգամայն անտեղի և վտանգավոր հավատն առ այն, որ Հայաստանի ժողովրդավար լինելը միջազգային աջակցություն կապահովի ղարաբաղյան խնդրի վերաբերյալ երկրի դիրքորոշմանը; որ «Արևմուտքն» ավելի շատ հոգ է տանում ժողովրդավարության, քան իր շահերի մասին; որ նախագահ Ալիևին շրջանցելն ու ադրբեջանցի ժողովրդին դիմելը հարուցելու է ադրբեջանական այլ դիրքորոշում՝ ավելի մոտ է հայկական առավելապաշտական դիրքորոշմանը։

բ) Որպես պետական այր գործելու նրա ցանկության բացակայությունը և կանոնակարգված ու խաղաղ ճանապարհով գրավյալ շրջանների վերադարձի շուրջ բանակցություններ վարելը՝ իր հողում և հանուն խաղաղության մեր ժողովրդի համար անվտանգության համարժեք երաշխիքների դիմաց:

Արևմուտքը, Արևելքը, Հարավն ու Հյուսիսն արդեն ավելի քան քսան տարի մեզ ասում են, որ՝ ա) իրենք չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, և բ) Հայաստանի կողմից վերահսկվող Ղարաբաղին հարող յոթ շրջանները համարում են գրավյալ տարածքներ, և որ ինչպիսին էլ որ լինեն մեր կողմից այդ տարածքների նկատմամբ վերահսկողության պատճառները, մենք պետք է դրանք վերադարձնենք։ Ադրբեջանն այս ամբողջ ընթացքում մեզ ասել է, որ իրենք պատերազմի են գնալու այդ շրջանների համար։

Այսքան երկար ժամանակ անտեսելով այդ ամենը՝ մենք, այնուամենայնիվ, դիմեցինք Արևմուտքին՝ խնդրելով օգնել մեզ յոթ շրջանները պահպանել և ճանաչել Ղարաբաղի անկախությունը, երբ սկսեցինք պարտվել պատերազմում։

5. Մեր գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես ենք մտածում. («Մենք» ասելով այս դեպքում նկատի ունեմ մեր քաղաքական կուսակցությունների և առաջնորդների մեծամասնությանը)։ Մեր խնդիրն այն է, թե ինչպես էինք մենք նայում ղարաբաղյան հակամարտությանը և ինչպես ենք ձևակերպել դրա լուծման հետ կապված հարցերը։ Մենք սկսել ենք այն եզրահանգումից, որը համապատասխանում էր մեր երազանքներին, իսկ հետո տվել ենք միայն այն հարցերը, որոնք հաստատել են մեր եզրակացությունները և չեն վիճարկել մեր ենթադրություններն ու տրամաբանությունը։ Մեր խնդիրը մեր քաղաքական մշակույթն է, որը հենվում է երազանքների, այլ ոչ թե ամուր փաստերի վրա; այն, թե ինչպես ենք մենք մշակում ռազմավարություն, այն, թե ինչպես ենք մենք հեշտությամբ մի կողմ նետում արտաքին աշխարհի և մեր հակառակորդների ասածները, եթե դրանք խախտում են մեր նախապաշարումներից և կանխակալ համոզմունքներից որևէ մեկը։

Մենք մտածում էինք, որ մեր երազանքները այնքան ազնիվ են, որ եթե դրանք պարզապես ներառենք քաղաքական ծրագրում և պատմենք աշխարհին, ապա դա կարող էր փոխարինել ռազմավարական մտածողությունը։

Մենք քաղաքական ռազմավարությունը հարմարեցնում ենք մեր ցանկություններին, այն բանին, ինչը ստիպում է մեզ լավ զգալ, այլ ոչ թե հաշվի առնում պարզ փաստերը, որոնք միասին կազմում են իրականությունը: Մեր խնդիրն այն է, թե ինչպես ենք թույլ տալիս, որ մեր խնդիրների ամենաբարձր, վեհանձն ու կատարյալ լուծումներն ու մեր պատրանքները ստվերեն դատողությունները: Մեր խնդիրն այն է, որ մենք գերագնահատում ենք մեր կարողություններն այնպես, որ անգամ չենք վիճարկում մեր ռազմավարության ու երազների միջև փոխզիջումը։ Մենք կարծում էինք, որ «ոչ մի թիզ չզիջելու» մեր ռազմավարությունը ճիշտ էր, քանի որ մեր գործն արդար էր։ Եվ մենք հավատում էինք, որ կկարողանանք կոտրել թշնամու և միջազգային հանրության կամքը և նրանց դրդել մտածել ու զգալ այնպես, ինչպես մենք։

Մենք մտածում էինք, որ մեր երազանքները այնքան ազնիվ են, որ եթե դրանք պարզապես ներառենք քաղաքական ծրագրում և պատմենք աշխարհին, ապա դա կարող էր փոխարինել ռազմավարական մտածողությանը։ Մենք չէինք ուզում խախտել հայրենասեր զգալու մեր հարմարավետությունը։

Քանի որ հակառակորդը չէր ցանկանում մեզ տալ այն, ինչ մենք երազում էինք, մենք որոշեցինք, որ հակառակորդը ճկուն չէ, չի ցանկանում բանակցել։ Եվ այդ պատճառով ասում էինք, որ պատերազմն անխուսափելի է, որ դա կենսունակ տարբերակ է, և որ դա մեր մեղքը չէ։ Ի վերջո, այս տրամաբանությունը հանգեցրեց իր անխուսափելի եզրահանգմանը՝ որ պատերազմը ցանկալի է, որ մենք պայքարելու ենք և, իհարկե, հաղթելու ենք, և պարտադրելու ենք թշնամուն ընդունել մեր տրամաբանությունը, մեր պայմանները, մեր որոշումը։ Եվ ուժերի հավասարակշռության ցանկացած իրատեսական գնահատական թող կորչի գրողի ծոցը։ Ավելի լավ էր գնալ պատերազմի, քան խաղաղության ռիսկին։

Մենք ասում էինք, թե խաղաղության գնալու փորձը պարտվողի ճանապարհն է, որ կարիք չկա բանակցությունների մեր ունեցած ամեն պաշար ներդնել, կարիք չկա զոհաբերել մեր անաղարտ երազանքները։

Մենք նույնիսկ ունեինք անհրաժեշտ արդարացումներ՝ համակերպվելու մեր երիտասարդների կյանքի անխուսափելի կորստին: Ի վերջո, մի՞թե մեր պատմությունը լի չէ հերոսներով ու նահատակներով։ Հատկապես՝ նահատակներով։ Մի՞թե օրհնված չենք Վարդանանց ճակատամարտի հիշողությամբ, երբ հազարավոր մարտիկներ նահատակվեցին։ Մի՞թե մեր պատմությունն ու մեր եկեղեցին մեզ չէին ասում, որ երիտասարդների զոհվելն ընդունելի է, նույնիսկ, եթե հազար անձնազոհությունը հաղթանակի չի հանգեցնում։

Խաղաղությանը լավագույն դեպքում վերաբերվում էին որպես ընտրություն, որը չպետք է ավելի շատ արժևորել, քան պատերազմը, այն կարելի էր ընդունել կամ մերժել։ Եվ մեր հռետորաբանությունը համապատասխանում էր այդ գոռոզությանը և, պետք է ասեմ, վտանգավոր անխոհեմ դատողությանը։

Երկու լուծումն էլ՝ թե՛ բանակցությունների, թե՛ պատերազմի ճանապարհով, ռիսկային էին։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր վտանգները։ Բայց վատագույն դեպքում՝ձախողված խաղաղության ելքի դեպքում, մենք կհայտնվեինք այնտեղ, որտեղ գտնվում ենք հիմա, հնարավոր է՝ նույնիսկ ավելի լավ վիճակում։ Պատերազմի պայմաններում նոյեմբերի 10-ի զինադադարը լավագույնն էր, ինչի հույսը կարող էինք ունենալ։

6. Այն, ինչ մենք այսօր ունենք ռազմավարական մտածողության հարթությունում՝ կառավարության և ընդդիմության, որն ուզում է փոխարինել այն, խիստ մտահոգիչ է և վտանգավոր։ Մենք տեսնում ենք իրական հարցերին և ակնհայտ պատասխաններին առերեսվելու շարունակական մերժումը, նույն կարգախոսների կրկնությունը, նույն պատրանքներին կառչած մնալը։ Մենք առաջարկում ենք սխալ բուժում՝ սխալ ախտորոշման համար:

Կառչելով նույն ձախողված և թանկ արժեցող ռազմավարության շարունակությունից՝ կառավարությունը փորձում է համոզել մեզ և, գուցե ինքն իրեն, որ այն, ինչ նա մտածում էր խնդրի մասին, այդ մասին մտածելու միակ ձևն էր, և որ այն, ինչ արվել է, անելու միակ ուղին էր: Վարչապետը խոստովանեց իր աննշան սխալները, որոնք քողարկում են նրա մտածողության և ռազմավարության իրական ձախողումները։

Նրա դեմ փողոց դուրս եկած կուսակցություններն անգամ չեն արել այն, ինչ արեց Փաշինյանը։ Նրանք դեռ պետք է ընդունեն իրենց սխալները՝ մեծ կամ փոքր։ Այս ընդդիմությունը բաղկացած է կուսակցություններից, որոնք սխալ ռազմավարության և խնդրահարույց մտածելակերպի հիմքն էին, մի խումբ, որը երբեք հարց չի բարձրացրել անխուսափելիորեն պատերազմի հանգեցնող ուղու մասին; ընդդիմություն, որը ծափահարում էր, երբ Փաշինյանը մերժեց Լավրովի առաջարկած փոխզիջումային լուծումը, ինչը կարող էր մեզ այսօրվա վիճակից ավելի լավ վիճակում թողնել; և դա անել առանց պատերազմից առաջ և դրա ընթացքում ունեցած բոլոր կորուստների: Մենք պետք է հարցնենք ՝ ի՞նչ խնդիր են լուծել այդ մարդիկ։

Ոմանք նույնիսկ առաջարկում են չեղարկել հրադադարի համաձայնագիրը, ստիպել մյուս ստորագրողներին փոխել այն կամ նույնիսկ վերադառնալ պատերազմի՝ վրեժխնդիր լինելու համար։ Պե՞տք էր արդյոք, որ նախագահ Պուտինը զգուշացնի մեզ, որ ցանկացած նման քայլ հավասարազոր է ինքնասպանության։

Պատմական կորուստների հանգեցրած այս մտածողության շարունակման հնարավոր հետևանքը կարող է լինել այն, որ պատերազմը կրկնվի, ու կորցնենք նաև այն, ինչ մնացել է մեզ։

Այժմ ժամանակն է փոխելու ոչ վաղ անցյալի պատմության մասին մեր տեսակետը, եթե ուզում ենք մշակել ապագայի համար մի ծրագիր, որը կարող է դիմակայել ժամանակի և ողջախոհության փորձությանը։