գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահների աջակցությամբ ևս 2000-ից ավել փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահների աջակցությամբ ևս 2000-ից ավել փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Վերջին մեկ օրում ավելի քան 2000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 2000 փախստական: Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ արդեն շուրջ 15 000 բնակիչ է վերադարձել իրենց բնակության վայր, որտեղից ստիպված են եղել հեռանալ մարտական գործողությունների պատճառով»,- ասել է Կոնաշենկովը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել։