գլխավոր Քաղաքականություն Հայաստան-Ադրբեջան «խաղաղության գործարքը» ռազմավարական աղետ է Իրանի համար. Asia Times

Հայաստան-Ադրբեջան «խաղաղության գործարքը» ռազմավարական աղետ է Իրանի համար. Asia Times

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված զինադադարի պայմանները լուրջ սպառնալիք են Իրանի երկարաժամկետ ռազմավարական շահերի համար: Սրա հետևանքները, ամենայն հավանականությամբ, կազդեն իրանական ժողովրդի կողմից իրենց ռեժիմի ընկալման վրա, ինչպես նաև կփոխեն Իրանի քաղաքականությունն Ադրբեջանի և Սիրիայի նկատմամբ: Այս մասին  գրում է Asia Times-ը:

Այժմ Ադրբեջանն Արաքս գետի երկայնքով ամբողջովին վերահսկում է իր սահմանն Իրանի հետ: Չնայած որ դա Ադրբեջանում ուրախության առիթ կարող է հանդիսանալ, Թեհրանում դրան տագնապով են նայում, քանի որ իրանաադրբեջանական սահմանի երկարելն Իսրայելին ավելի շատ տարածք կտա Իրանին հետևելու համար:

Չնայած Բաքվի հերքումներին, գաղտնիք չէ, որ Իսրայելն ու Ադրբեջանը  բովանդակային համագործակցություն են ծավալում հետախուզության, էներգետիկայի և ռազմական ոլորտներում:

Ադրբեջանն իսրայելական զենքի խոշորագույն գնորդներից մեկն է: Ղարաբաղյան պատերազմում իսրայելական «կամիկաձե» անօդաչու սարքերի օգտագործումը կարևոր դեր խաղաց պատերազմի ընթացքն իր օգտին թեքելու գործում, չնայած որ թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու սարքերն են համարվում  այս հակամարտության եղանակ փոխող հիմնական միջոցը:

Բացի այդ, Ադրբեջանն ու Իսրայելը խորը հետախուզական կապեր ունեն: Եվ եթե Իսրայելը հարվածներ հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին, շատ հնարավոր է, որ Ադրբեջանը ծառայի որպես կամ վառելիքի լիցքավորման կանգառ, կամ որպես մեկնարկային հրապարակ: Պատերազմի մյուս հետևանքը` Հայաստանի տարածքով տարանցիկ միջանցքի ստեղծումն է, որն Ադրբեջանին  կմիացնի Նախիջևանին: Այս միջանցքում ռուսական զորքեր են գտնվելու և այն, մեծ հավանականությամբ, անցնելու է հայ-իրանական սահմանին զուգահեռ:

Սա արդեն անհանգստության պատճառ է դարձել Թեհրանում, քանի որ այդ միջանցքը փաստացիորեն կարող է փակել Իրանի մուտքը դեպի Հայաստան և հետագայում նաև Եվրոպա` Վրաստանի վրայով: 

Պատժամիջոցներից արդեն իսկ տառապող Իրանի համար շատ կարևոր է պահպանել բարեկամ հարևանի հասանելիությունը: Տագնապն այն աստիճանի էր հասել, որ Իրանը փոխարտգործնախարարի մակարդակով հայտարարել է, որ միջանցքը չի սպառնա Իրանի հասանելիությանը Հայաստանին:

Հատկանշական է, որ շուտով Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կմեկնի Մոսկվա և Բաքու՝ այդ հարցն ավելի մանրամասն քննարկելու համար: Այնուամենայնիվ, ավելի կարևոր է նշել մայրաքաղաքը, որը նա չի այցելելու ՝ Անկարան՝ հակամարտության մեկ այլ  հաղթող կողմ:

Թուրքիան Ադրբեջանում զորք կպահի և Հայաստանով անցնող միջանցքով հասանելիություն կստանա դեպի Կասպից ծով, և կկարողանա ազդել Միջին Ասիայի պետությունների վրա, ինչն Էրդողանի ամենանվիրական հավակնությունն է: