գլխավոր Իրադարձային ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցել ԼՂ հակամարտությունից տուժած երեխաներին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցել ԼՂ հակամարտությունից տուժած երեխաներին

Առաջնային կարինքներին արձագանքելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է հիգիենայի հավաքածուներ տրամադրել։ Այս մասին գրում է UNICEF Armenia-ի էջը:

Նշվում է, որ հակամարտությանը հաջորդած երկու շաբաթում ՄԱԿ-ը գործընկեր կառույցների և ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունքում կարիքների գնահատում է իրականացրել ՀՀ կառավարության կողմից գերակա համարվող  տասը համայնքում:  Հաշվի առնելով ամփոփված տվյաները ՅՈՒՆԻՍԵՖ-ը Լեռնային Ղարաբաղից ժամանած Ջերմուկում և Երևանում ժամանակավորապես հաստատված  1500 ընտանիքի տրամադրել է առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ, ինչպես նաև  300 անկողնային սպիտակեղեն։ Մինչև շաբաթվա վերջ ևս 3000 փաթեթ կառաքվի Գորիս, Սիսիան և Կապան համայնքներ:

Փաթեթը ներառում է ՔՈՎԻԴ-19-ը կանխարգելող դիմակներ և ախտահանիչ նյութեր, ատամի խոզանակ, ատամի մածուկ, խոնավ և չոր անձեռոցիկներ, մանկական տակդիրներ, կանանց համար նախատեսված միջադիրներ, օճառ, շամպուն, սանր, ձեռքի և լոգանքի սրբիչներ, գուլպաներ, ներքնազգեստ, մկրատ, բամբակյա փայտիկներ, լվացքի փոշի, սպասք լվացող հեղուկ և սպունգ, բետադին։ Այս ամենը փաթեթավորված է բազմակի օգտագործման կտորե տոպրակի մեջ։ Փաթեթը ներառում է նաև կորոնավիրուսի մասին տեղեկատվական գրքույկ։

Ի լրումն, տրամադրված հիգիենայի պարագաների, ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ գործընկերների միջոցով, սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում հակամարտությունից տուժած կանանց, երեխաներին, դեռահասներին, ինչպես նաև օգնում է երեխաներին շարունակել ուսումը: Եղանակի փոփոխությանը զուգահեռ երեխաներին կտրամադրվեն տաք բաճկոններ ևս: Առաջիկայում կներկայացնենք  ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության ծրագրերի մասին առավել մանրամասն և ամբողջական տեղեկատվություն: