գլխավոր Գլխավոր Նեթանյահուն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Նեթանյահուն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությանը։

«Խաղաղության Նոբելյան մրցանակակիր լորդ Դևից Թրիմբլն այսօր վարչապետ Բենյամին Նեթանյահուին ԱբուԴաբիի թագաժառանգ շեյխ Մուհամեդ բեն Զայեդի հետ Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել», – ասված է երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ հյուսիսիռլանդացի դափնեկիրն Նեթանյահուին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Սուդանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո։ Ընդ որում՝ վերջին ամիսների ընթացքում նրա թեկնածությունն առաջադրվել է արդեն մի քանի անգամ։

«Նոբելյան մրցանակի կանոնների համաձայն, քանի որ Թրիմբլը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է, վարչապետ Նեթանյահուի թեկնածությունն առաջադրելու նրա որոշումը կստիպի հանձնաժողովին քննարկել այս հարցը», – նշված է հաղորդագրության մեջ։

Այնուամենայնիվ, ինչպես նշում է պարբերականը, Նոբելյան կոմիտեն միևնույն է պատրաստվում էր քննարկել նրա առաջադրումը, քանի որ երկու ամիս առաջ հաղորդվում էր, որ Նեթանյահուն արդեն իսկ առաջադրվել էր իտալացի և ֆինն խորհրդարանականների կողմից։

Ծայրահեղ աջակողմյան իտալացի պատգամավոր Պաոլո Գրիմոլդին Նեթանյահուի թեկնածությունն առաջադրել էր այն բանից հետո, ինչ սեպտեմբերի 16-ին վարչապետն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Սպիտակ տանը ԱՄԷ-ի և Բահրեյնի ԱԳՆ ղեկավարների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված փաստաթուղթ ստորագրեց։ Ավելի ուշ Գրիմոլդին անգամ հույս է հայտնել, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի կառաջադրվի ոչ միայն Նեթանյահուն, այլև Թրամփը։

Ֆին խորհրդարանական Վիլհելմ Յունիլան, իր հերթին, հայտարարել էր, որ որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներ Նոբելյան կոմիտեին է ներկայացրել Նեթանյահուի, Թրամփի և Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի անունները սեպտեմբերի 11-ին Երուսաղեմի և Մանամայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։