գլխավոր Հասարակություն Ռուսաստանում կանխվել է «Իսլամական պետության» ծրագրած ահաբեկչությունը (տեսանյութ)

Ռուսաստանում կանխվել է «Իսլամական պետության» ծրագրած ահաբեկչությունը (տեսանյութ)

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայի մարզում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ծրագրված ահաբեկչություններ են կանխել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության միջտարածաշրջանային խմբի գործունեությունը, որի անդամները նպատակ ունեին դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնել Մոսկվայի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ծառայության օպերատիվ աշխատողներին հաջողվել է Վլադիմիրսկի մարզում ձերբակալել խմբի անդամներից մեկին, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է: Ծառայության հաղորդագրության մեջ մնացած կասկածյալների մասին տեղեկություններ չեն նշվում:

«Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, այլ իրեր և փաստաթղթեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ վերջիններս զբաղվել են ահաբեկիչների կարիքների համար գումարների և նոր անդամների հավաքագրմամբ: 

Նշվում է, որ ընթացիկ տարում ՌԴ-ում կանխվել է ահաբեկչական հարձակման չորս դեպք: