գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահները նոյեմբերի 14-ից ապահովել են ԼՂ ավելի քան 11 հազար բնակչի...

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 14-ից ապահովել են ԼՂ ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի պահպանումը:

Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը, ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգը իրականացնում են 23 դիտակետերի միջոցով, որոնցից 12-ը տեղակայված են պատասխանատվության գոտու «Հարավ», իսկ 11-ը՝ պատասխանատվության գոտու «Հյուսիս» հատվածում:

Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր: Նշվում է, որ խաղաղապահները առավելագույնս աջակցում են տեղական իշխանություններին՝ խաղաղ կյանքը վերականգնելու հարցում:

Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել ճանապարհային շարժը, սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, ջեռուցումը:

Ռուս խաղաղապահների պարեկային խմբերն ապահովում են հեռավոր բնակավայրեր սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող ավտոտրանսպորտի ուղեկցման աշխատանքները: