գլխավոր Քաղաքականություն Սա քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից, սա նրա մանրախնդիր քինախնդրությունն է....

Սա քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից, սա նրա մանրախնդիր քինախնդրությունն է. Ն. Զոհրաբյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին․ Tert.am

Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովի այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուրռեալիզմ չէր, դա աբսուրդի վերջին գագաթն էր, որևէ հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է  ձեռնարկատիրական գործունեությամբ, չբերվեց: Այս մասին Ազգային ժողովի խորհրդի նիստից հետո, որտեղ որոշվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ դա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է: «Քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանի հանդեպ: Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելուց հետո, ռազմագերիների հարցով զբաղվելու փոխարեն, մեր հայրենակիցների, որոնք հիմա, հենց այս պահին թուրք զինվորականների հետ են բանակցում, որ մի քանի ժամ ավելի մնան իրենց տներում, որ հասցնեն գույքը տեղափոխել, այդ խնդիրներով զբաղվելու փոխարեն զբաղվում է քինախնդրությամբ»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց, որ իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, որոնք ամբողջ օրն ընկած ընդդիմադիրների տներն են խուզարկում, խաղաղ ցույցեր են ցրում, թող ուղարկեն այնտեղ, որ այդ մարդկանց օգնեն:

«Հիմա ապամոնտաժում են Քարվաճառի «Արցախը ողջունում է ձեզ» գրությունը և վաղն այդտեղ լինելու է «Ադրբեջանը ողջունում է ձեզ», ոստիկաններին ուղարկեք այդտեղ: Այդ մարդը (Նիկոլ Փաշինյան – խմբ.) ունեցել է ամբողջ կյանքում և հիմա էլ ունի առաջնահերթություններ, իր առաջնահերթությունն իր փոքրիկ, մանրախնդիր քինախնդրությունն է»,- ասաց նա:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ խորհրդի նիստին մասնակցել է 14 պատգամավոր: «Իմ քայլը» խմբակցության 10 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ ԲՀԿ-ական 4 պատգամավոր՝ դեմ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները չեն մասնակցել նիստին: ԱԺ խորհրդի նիստի որոշումը կուղարկվի ՍԴ, որը 30-օրյա ժամկետում պետք է որոշի արդյո՞ք ներկայացված որոշումը սահմանադրական է, թե՝ ոչ: