գլխավոր Իրադարձային Խուզարկություն է իրականացվել Արթուր Դանիելյանի և Միհրան Հակոբյանի բնակարաններում

Խուզարկություն է իրականացվել Արթուր Դանիելյանի և Միհրան Հակոբյանի բնակարաններում

Այս պահին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները այցելել են «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի տուն հերթական խուզարկությունն իրականացնելու: Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվադ» միբանաությունը:

«Արթուր Դանիելյանն իր զորակցությունն է հայտնում իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, ովքեր իրենց կամքին հակառակ ստիպված են կատարել հոգեխանգարմունքի մեջ գտնվող, ակնհայտ շիզոֆրենիայի դրսևորումներ ցուցաբերող և այդքանով հանդերձ դեռևս երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրահանգները»,- ասված է հայտարարության մեջ:

Իր հերթին «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանն էլ հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքով գնացել են իրենց տուն՝ խուզարկության, սակայան ոչինչ չեն գտել:

Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը մեղադրվում է անհնազանդության ակցիաներին մասնակցելու և կազմակերպելու մեջ:

Նա պատմեց, որ ոստիկաններն իրենց տուն են գնացել վաղ առավոտյան և փնտրել այն, ինչը որոշված է եղել դատարանով: «Առգրավել են ո՛չ գործի հետ կապ ունեցող, ո՛չ այս իրադարձությունների հետ կապ ունեցող բաներ: Խուզարկությունը կատարվել է մի շարք խախտումներով, որովհետև դատարանի որոշման մեջ հստակորեն ֆիքսված էր, թե քննիչներից ով պետք է կատարեր խուզարկությունը, բայց այն կատարել է լրիվ այլ անձ, դրան գումարած, այն, ինչ փնտրում էին, չկար. փնտրում էին ցուցակներ, ռուփերներ, ապօրինի հավաք կազմակերպելու պարագաներ, բնականաբար, նման բաներ չեն հայտնաբերել»:

Հակոբյանը տեղի ունեցածը որակեց որպես անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգավորված  ապօրինությունների շարքի շարունակություն, և այս ամենը, ըստ նրա, քաղաքական հետապնդում է, որով Փաշինյանը փորձում է իրեն և շատերին լռեցնել:

«Ես չեմ լռելու, ես խոսելու եմ, շարունակելու եմ: Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա և հեռանա, որպեսզի մենք կարողանանք ապրել, որպես պետություն և ժողովուրդ՝ մենք պետք է շանս ունենանք»,-ասաց նա և հավելեց, որ օրեր առաջ նրան ձերբակալելը ևս օրենքի կոպտագույն խախտմամբ է եղել և եղել է ուղիղ հանձնարարությամբ:

Հակոբյանը շեշտեց, որ այս ամենը պարզապես անտաղանդ քաղաքական հետապնդում է, որը որևէ արդյունք չի տալու և պատրաստ է թե՛ ազատազրկման, թե՛ կալանավորման, որի ընթացքում չի լռելու, իսկ ներկայիս իշխանությունը պատասխան է տալու վերջին իրադարձությունների, պատերազմի, Արցախը հանձնելու, 5000 զոհերի համար: