գլխավոր Իրադարձային Բոլորը պետք է աշխատեն միջոցներ գեներացնելու համար. զինվորների հիմնադրամի գործադիր տնօրեն

Բոլորը պետք է աշխատեն միջոցներ գեներացնելու համար. զինվորների հիմնադրամի գործադիր տնօրեն

Հայաստանում չկա մի պաշտոնյա, որը կարող է հստակ թվեր նշել, թե այս պատերազմի հետևանքով որքան կավելանա Զինվորների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Նա նշեց, որ այն թվերը, որոնք տարբեր մարդիկ հրապարակում են, դրանք այս պահին միայն կանխատեսումներ են։ Վերջնական հայտնի չէ ո՛չ զոհված, ո՛չ անհայտ կորած զինծառայողների թիվը, հստակություն չկա նաև վիրավորների վիճակի հետ կապված։ Փաստ է այն, որ այս թիվը մի քանի հազար է լինելու, թե քանի հազար՝ պարզ չէ։

«Ստացվող 1000 դրամներով մենք ի վիճակի չենք լինի այս թվերի սահմաններում կատարել հատուցումները, կարևոր է այն դարձնել 3000 դրամ, կարևոր է միանալ հիմնադրամի նախաձեռնություններին, ինչպես, օրինակ, «Մեկը դարձնենք երկու» կամ մեկ միլիոն մարդու նախաձեռնությունը, որով մենք առաջարկում ենք աշխարհում գտնել մեկ միլիոն մարդ, որը յուրաքանչյուր ամիս կնվիրաբերի 25 հազար դրամ կամ համարժեք գումար»,- նշեց Ավետիքյանը։

Նրա խոսքով՝աշխարհի տարբեր երկրներում մի շարք նախաձեռնություններ են արվում գումարներ հանգանակելու և հիմնադրամին փոխանցելու համար։

«Այս պարտավորությունը ստանձնված է ամբողջ հասարակության կողմից, երբ տղաները կռվում էին և պաշտպանում էին հայրենիքը, վստահ էին, որ եթե իրենց մի բան պատահի, ամբողջ հասարակությունն ու պետությունը կանգնելու են իրենց ընտանիքների կողքին։ Բոլորը պետք է աշխատեն հիմնադրամի համար միջոցներ գեներացնելու նպատակով»,- նշեց հիմնադրամի գործադիր տնօրենը։

Sputnik Armenia