գլխավոր Իրադարձային Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, քանի որ Անկարան ցանկանում է Ադրբեջանի տարածքում...

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, քանի որ Անկարան ցանկանում է Ադրբեջանի տարածքում ռազմական դիտորդական անկախ կենտրոն հիմնել

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն` կապված Անկարայի` Ադրբեջանի տարածքում ռազմական դիտորդական անկախ կենտրոն հիմնելու ցանկությունների հետ, հաղորդում է Reuters-ը` հղում անելով թուրքական անանուն աղբյուրի:

Թեև կողմերն արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո հրադադարի վերահսկման ռուս-թուրքական միասնական կենտրոն Ադրբեջանի տարածքում հիմնելու վերաբերյալ, Անկարան, սակայն, ըստ աղբյուրի, ցանկություն ունի Ադրբեջանում սեփական կենտրոնը հիմնել` տարածաշրջանում իր ազդեցությունն էլ ավելի ընդլայնելու հեռահար նպատակով:

«Ռուսաստանն այն համոզմանն է, որ Թուրքիայի կողմից ռուս-թուրքական ստեղծվելիք միասնական կենտրոնից բացի այլ` անկախ կենտրոն հիմնելն անհրաժեշտ չէ, ինչը, սակայն, Թուրքիային է անհրաժեշտ»,- Reuters-ի հետ զրույցում շեշտել է թուրքական աղբյուրը:

Ըստ այդմ, կողմերի բանակցությունները Մոսկվայում են շարունակվելու, և Թուրքիան հույս ունի կոնսենսուսի հասնել Ռուսաստանի հետ:

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման շուրջ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության հինգերորդ կետի համաձայն` Ադրբեջանի տարածքում հրադադարի մոնիտորինգի կենտրոն կհիմնվի` ձեռք բերված համաձայնությունների կատարումը վերահսկելու համար։ Կենտրոնի աշխատանքներին նաև թուրք զինվորականներն են մասնակցելու, ինչի շուրջ նոյեմբերի11-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարը հուշագիր է ստորագրել թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ։