գլխավոր Քաղաքականություն Bloomberg-ն անվանել է կորոնավիրուսի դեմ աշխարհում ամենամեծ պահանջարկ ունեցող պատվաստանյութերը

Bloomberg-ն անվանել է կորոնավիրուսի դեմ աշխարհում ամենամեծ պահանջարկ ունեցող պատվաստանյութերը

Այսօր աշխարհում կորոնավիրուսի դեմ ամենապահանջված պատվաստանյութը բրիտանական AstraZeneca ընկերության կողմից, Օքսֆորդի համալսարանի հետ համագործակցությամբ, մշակված դեղամիջոցն է, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Airfinity Ltd. հետազոտական ընկերության տվյալները: Այս պատվաստանյութին բաժին է ընկնում աշխարհում բոլոր պատվերների գրեթե մեկ երրորդը՝ 3,2 միլիարդ չափաբաժին:

Ըստ պահանջարկի՝ երկրորդ տեղում ամերիկյան Novavax-ի պատվաստանյութն է՝ ձեւակերպվել է 1,4 միլիարդ չափաբաժնի նախնական պատվեր: Երրորդը ամերիկյան մեկ այլ՝ Johnson & Johnson դեղագործական հսկայի պատվաստանյութն է՝ 1,3 միլիոն չափաբաժին:

Դրանց հաջորդում են ֆրանսիական Sanofi-ի եւ բրիտանական Glaxo-ի (1,2 միլիարդ չափաբաժին), ամերիկյան Pfizer-ի եւ գերմանական BioNTech-ի (1,1 միլիարդ չափաբաժին) եւ ամերիկյան Moderna-ի (777,2 միլիոն չափաբաժին) կողմից մշակված պատվաստանյութերը: Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի պատվերները հասել են 537,4 միլիոն չափաբաժնի (ցուցակում յոթերորդը):

Ըստ պահանջարկի՝ AstraZeneca-ի եւ Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութը շատ է առաջ անցել ոչ հարուստ երկրներում մրցակիցներից՝ 2,4 միլիարդ չափաբաժին կստանան Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի, Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրները: Մնացածը պատվիրել են եվրոպական երկրները (505,3 միլիոն չափաբաժին) եւ ԱՄՆ-ը (300 միլիոն չափաբաժին):

Novavax-ի պատվաստանյութի պահանջարկը ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում կազմել է 1,1 միլիարդ չափաբաժին, իսկ Johnson & Johnոնսոն-ի պատվաստանյութի համար՝ 538 միլիոն չափաբաժին: «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը այս ցուցանիշով չորրորդ տեղում է՝ ստացված բոլոր պատվերները այս կատեգորիայի երկրներից են:

Օքսֆորդի պատվաստանյութի մեծ պահանջարկը պայմանավորված է դրա ոչ բարձր գնով՝ 4-5 դոլար մեկ չափաբաժնի համար: Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութի մեկ չափաբաժնի գինը ԱՄՆ-ում կկազմի 19,5 դոլար (39 դոլար կրկնակի իմունիզացիայի համար), Moderna-ինը` 32-37 դոլար: «Այս գներով պատվաստանյութերը վտանգված են ամբողջ աշխարհի համար անհասանելի լինելուն»,- գործակալությանը ասել է Human Rights Watch-ի ավագ գիտաշխատող Մարգարետ Վուրթը, հայտնում է Forbes-ը:

Բացի գնից, Օքսֆորդի պատվաստանյութը գնորդների համար գրավիչ է նրանով, որ դրա արտադրությունն ավելի դյուրին է, եւ այն կարտադրվի շատ ոչ հարուստ երկրներում՝ Հնդկաստանից մինչեւ Բրազիլիա: Արտադրության համաշխարհային մասշտաբը մեղմացնում է արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ անհանգստությունը, ասում է Քիլի համալսարանի իրավունքի եւ վարակիչ հիվանդությունների մասնագետ Մարկ Էքլեսթոն-Թըրները: Բացի այդ, այս պատվաստանյութն ունի պահման շատ ավելի մեղմ ռեժիմ, որը չի պահանջում ծայրահեղ ցածր ջերմաստիճան: Օրինակ, Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութը պահվում է մինուս 70 աստիճանի պայմաններում:

AstraZeneca-ն երկուշաբթի օրը հայտնել է, թե միջանկյալ փորձարկումները իր պատվաստանյութի 70% միջին արդյունավետություն են ցույց տվել: Միեւնույն ժամանակ, կամավորների մոտ, որոնց մեկուկես չափաբաժին են ներարկել` նախ կեսը, իսկ հետո ամբողջ դոզան, պատվաստանյութի արդյունավետությունն աճել է մինչեւ 90%: Moderna-ն ավելի վաղ ասել էր, որ իր պատվաստանյութը արդյունավետ է 94,5%-ով: Pfizer-ը եւ BioNTech-ը իրենց պատվաստանյութի արդյունավետությունը 95% են գնահատել: «Սպուտնիկ V»-ի մշակողը հայտարարել է, որ պատվաստանյութի արդյունավետությունը 92% է։